Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում մոտ 9 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել


Երևան, ծխախոտի գործարանում, արխիվ

Այս տարվա առաջին վեց ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 8,9 տոկոս աճ, փաստում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն ընդգծում է՝ արձանագրված շուրջ 9 տոկոսի հասնող այդ ցուցանիշը լավ ձեռքբերում է, սակայն ավելի կարևոր է դա տնտեսական զարգացման վերածելը:

Արտակ Մանուկյան, արխիվ
Արտակ Մանուկյան, արխիվ

«Եթե մենք փորձենք վերծանել հունվար-հունիսի վիճակագրությունը, կտեսնենք, որ մեծ հաշվով կան դրական սպասումներ: Այսինքն այն, որ ասում էին իշխանափոխությունը շատ վատ տնտեսական ազդեցություն կունենա, ակնհայտ է, որ այդպես չէ: Մեծ հաշվով ներդրողների և բիզնես միջավայրի առումով սա դրական արձագանք է: Բայց չենք կարող ասել, որ այս դրական արձագանքը ամեն առումով արդեն վերածվել է նյութական որոշակի բաների: Այն պատճառով, որ ժամանակ է պետք, որ որակական փոփոխություններ լինեն, ու սա նյութականացվի ու բերի տևական տնտեսական աճի»,- «Ազատությանն» ասաց Արտակ Մանուկյանը:

Տարվա առաջին կիսամյակն ամփոփող տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների, շինարարության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված ակտիվությամբ:

Անցած տարի՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության օրոք արձանագրվել էր Հայաստանում նախորդ տասնամյակի ամենաբարձր տարեկան տնտեսական աճը՝ 7,5 տոկոս, այն դեպքում, երբ 2016-ին գրանցվել էր ընդամենը 0,2 տոկոսի աճ: Այդուհանդերձ, տնտեսագետները պնդում էին, որ ներկայացված տնտեսական աճը չի բարելավում քաղաքացիների կյանքը և հիմնված է առավելապես այնպիսի ոլորտների արդյունքների վրա, ինչպիսին է հանքարդյունաբերությունը:

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ Հայաստանի համար մշտապես առաջնայիններից համարվող հանքարդյունաբերության դերակատարումը տնտեսության մեջ առաջիկա ամիսներին նվազելու է, հաշվի առնելով նաև նախորդ ամիս պղնձի արտադրության շուրջ 20 տոկոսով նվազումն ու պղնձի գների անկման միտումը: «Այս ֆոնի վրա գրանցած տնտեսական աճն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կախվածությունը հանքարդյունաբերությունից նվազում է: Բայց ինչքանով հնարավոր կլինի մոդելի փոփոխությունն անցնցում անել, սա ևս կարևոր քաղաքականություն է»,- ասում է վարչապետի խորհրդականը:

Ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ այս տարվա առաջին կեսին օդային ճանապարհով Հայաստան մուտք գործած քաղաքացիների քանակն առավել քան 20 հազարով ավելին է երկրից հեռացածների թվից, մուտք գործողների հիմնական աճը գրանցվել է հունիսին: Ի դեպ, 2017-ի առաջին վեց ամիսներին հակառակ պատկերն էր․ օդային ճանապարհով Հայաստանից հեռացածների թիվը շուրջ 7500-ով ավելին էր երկիր մուտք գործած քաղաքացիներից:

Վարչապետ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանի խոսքով՝ Հայաստան եկող քաղաքացիների թվի դրական տեղաշարժը կապված է նաև երկրում առկա լավատեսական սպասելիքների հետ, սակայն դեռ ռազմավարական փոփոխությունների կարիք կա, հաշվի առնելով որոշ բացասական ցուցանիշներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG