Հայտնի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Գերմանիայի ազգային հավաքականի կազմում: Իր այս որոշման մասին Գերմանիայի ազգային ընտրանու և Լոնդոնի «Արսենալի» առաջատարներից մեկը համարվող Օզիլը տեղեկացրել է Twitter-ում արած գրառման միջոցով:
«Երբ մեր հավաքականը հաղթում է ես գերմանացի եմ, երբ մենք պարտվում ենք, գերմանական մամուլը հիշում է, որ ես ներգաղթյալ եմ»,- գրել է ֆուտբոլիստը: Մեսութ Օզիլը կոշտ քննադատության ենթարկվեց աշխարհի առաջնության ընթացքում Գերմանիայի հավաքականի անհաջող ելույթից հետո: Ավելի վաղ գերմանական թերթերն Օզիլին քննադատել էին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարվելու համար:
«Ինձ համար Էրդողանի հետ լուսանկարվելը պարզապես հարգանքի տուրք է այն երկրի բարձագույն ղեկավարի հանդեպ, որտեղից սերում է իմ ընտանիքը: Ես երկու սիրտ ունեմ, մեկը գերմանական, մյուսը` թուրքական»`- գրել է Օզիլը: