Ուկրաինայում ավարտին են մոտեցել Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո կազմակերպված Sea Breeze 2018 համատեղ զորավարժությունները:
Ուկրաինական ստորաբաժանումներից բացի Սև ծովի ափամերձ գոտում կազմակերպված այս զորախաղերին մասնակցում էին ևս 18 պետություններ՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մոլդովան, Հունաստանը ներկայացնող զինվորականներ:
Զորավարժություններին, ցամաքային ստորաբաժանումներից զատ, մասնակցում էր նաև մեկ սուզանավ, 30 ռազմանավ, տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
«Այս զորավարժությունները մեր պատասխանն էին հիբրիդային պատերազմների գաղափարախոսներին, կազմակերպիչներին և հովանավորներին», ֊ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։