Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ լեռնագանցը, վազքով կտրելով 5000 կմ ճանապարհ, խաղաղության կոչով հասավ Երևան


Առջևի պլանում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը (ձախից) և Արա Խաչադուրյանը, Երևան, 21-ը հուլիսի, 2018 թ․
Առջևի պլանում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը (ձախից) և Արա Խաչադուրյանը, Երևան, 21-ը հուլիսի, 2018 թ․

Երեք ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ, ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը, խաղաղության կոչ անելու առաքելությամբ՝ Ֆրանսիայից վազքով հասավ Հայաստան:

Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը նվաճած լեռնագնացը սկզբնապես նպատակ է ունեցել նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ վերջինիս կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն նամակն այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնել: «Աշխարհի չորս կողմերից կստանայի քաջալերություն և այդ ուժով հաղթահարեցի ու հասա Հայաստան»,- այսօր լրագրողներին ասաց Խաչադուրյանը:

54-ամյա ֆրանսահայ լեռնագնացն իր խաղաղության մարաթոնը եզրափակեց այսօր՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Նրան մարզահամերգային համալիրի մոտակայքից ուղեկցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որը Խաչադուրյանի հետ հանդիպում էր ունեցել դեռ Մարսելում, խոստանալով միանալ վերջինիս վազքին Հայաստանի մայրաքաղաքում:

Արա Խաչադուրյանը եղել է նաև Թուրքիայում, սակայն Հայասատանի հետ սահմանի փակ լինելու պատճառով դեպի Հայաստան է վազել Վրաստանի միջով: Դեսպան Լաքոտն այս առնչությամբ այսօր լրագրողներին ասաց․ «Պետք է ունենալ ուժ և հույս, որ հետագայում սահմանները կբացվեն ու հնարավոր կլինի հենց Թուրքիայից Հայաստան գալ, նաև՝ հասնել մինչև Կասպից ծով»։

2016 թվականին, հաղթահարելով 8848 մետր բարձրություն, Խաչադուրյանը նվաճել է Էվերեստի գագաթը, որտեղ նա բարձրացրել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ֆրանսիայի և Լիբանանի (իր ծննդավայրի) դրոշները։ Ի դեպ, նա նվաճել է նաև Մոն Բլանի, Արարատի, Կիլիմանջարոյի և մի քանի այլ դժվարամատչելի լեռների գագաթներ։

Հայտնի լեռնագնացն այսօր «Ազատությանն» ասաց, թե ցանկանում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչև այդ հանդիպումը տեղի չունենա, Հայաստանից չի գնալու։ «Նիկոլ Փաշինյանին կուզեմ շնորհավորել իր հաղթանակի համար։ Անպայման պետք է հանդիպեմ իրեն»,- ասաց նա։

Հարցին էլ՝ հեղափոխությունից հետո ցանկություն չունի՞ Մարսելից ընդմիշտ տեղափոխվել Հայաստան, արձագանքեց՝ «Ունեմ, պիտի գամ։ Ինձ ասացին, որ սպորտի դեսպան եմ լինելու Հայաստանում։ Պիտի օգնեմ այստեղ, որ կարողանանք երիտասարդությանը սպորտում ներառենք։ Բուն նպատակս է, որ երիտասարդությանն ասեմ՝ եթե երազանք ունեք, կարող եք հասնել ձեր նպատակին՝ աշխատելու շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG