Մատչելիության հղումներ

Մակրոն. «Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»


Փարիզ, 20-ը հուլիսի, 2018 թ․
Փարիզ, 20-ը հուլիսի, 2018 թ․

Ֆրանսիայի ղեկավարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել ուրբաթ երեկոյան` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ավարտին:

«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի` բանակցությունների վրա հիմնված լուծման որոնման ուղղությամբ: Բանակցությունների վարումը հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդների շահերին համապատասխանող միակ տարբերակն է»,- նշված է հայտարարության մեջ:

Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած բանակցությունները: «Ֆրանսիան ամերիկացի և ռուսաստանցի համանախագահների հետ միասին կդիմի բոլոր հնարավոր նախաձեռնությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»,- նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև նշված է, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի մինչև տարվերեջ: «Ֆրանսիական Հանրապետության նախագահն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի հետ նոր պայմանագրի ստորագրման գաղափարին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Երեկ կայացած հանդիպման ընթացքում Մակրոնը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: «Այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը շուրջ 2 միլիարդ դոլար է կազմում»,- Փարիզում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Փարիզ է մեկնել հուլիսի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG