Մատչելիության հղումներ

Մոսկվայի գործոնի մասին Փաշինյանի հայտարարությունը պատերազմը կանխելու նպատակ ունի․ Փորձագետներ


ԼՂ ՊԲ պայմանագրային զինծառայողը շփման գծում, արխիվ

Վերլուծաբանների համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կանխարգելիչ քայլ կատարեց: Ըստ այդմ՝ ԼՂ հակամարտության հարցում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ հնչեցրած նրա հայտարարությունը նպատակ ուներ կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկումն ու թույլ չտալ տարածաշրջանի ապակայնուացումը։

Այսօր հրավիրած ասուլիսում Փաշինյանն ասաց՝ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսումը: Հայաստանի վարչապետը նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, իբրև Հայաստանի ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկիր, կօգտագործի պատերազմի վերսկսումը կանխելու իր լծակները: Ավելին, Հայաստանի վարչապետը շեշտեց՝ չի հավատում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական նպաստավոր պայամանների առկայության:

«Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանաում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսով ոչ միայն կանխարգելիչ քայլ արեց՝ հնարավոր ռազմական գործողությունները թույլ չտալու առումով, այլև վերահաստատեց իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային դերակատարության վերաբերյալ: «Նիկոլ Փաշինյանն այդպիսով ընդունում է Ռուսաստանի մեծ դերը Հարավային Կովկասում»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց․ «Այո, մենք նաև կարող ենք ասել, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանը գնաց սադրանքի, քանի որ չստացավ բացասական մեսիջներ Ռուսաստանից: Այսինքն, Ռուսաստանը չասաց նրանց՝ չհամարձակվեք, կոպիտ ասած՝ չզգուշացրեց Ադրբեջանին: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կանխարգելիչ քայլ է անում, ասում է՝ մենք գիտենք, որ դուք ազդեցիկ եք, զգուշացրեք»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ևս «Ազատության» հետ զրույցում Մոսկվային ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի այդ շեշտադրումը շատ կարևոր համարեց, ընդգծելով՝ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ինքուրույն որոշի տարծաշրջանային անվտանգությունը կասկածի տակ դնելու և ռազմական գործողություններ սկսելու հարցը: Այդ առումով չափազանց կարևոր է Ռուսաստանի գործոնը ոչ միայն որպես Հայաստանի դաշնակիցը լինելու, այլև տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովող՝ նրա դերակատարության տեսնակյունից: Վերլուծաբանը շեշտում է ՝ Ռուսաստանը պետք է հասկանա ու թերևս 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զգալիորեն հասկացել է, որ հենց Հայաստանի անվտանգությամբ է պայմանավորված իր շահը տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի իրավունքը Ադրբեջանին տրված է Ռուսաստանից այն միլիարդավոր դոլարների սպառազինության տեսքով, որը նրան վաճառվում է: Ինչու՞ էր Ադրբեջանը հենց Ռուսաստանից գնում այդ սպառազինոթյունը, որովհետև շատ լավ գիտի՝ գնել Հայաստանի ռազմավարական դաշնակցից այդ զինքը, դա նաև նշանակում է գնել այդ ամենն օգտագործելու քաղաքական իրավունքը: Այդ տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանի համար շատ կարևոր է հետագայում Ռուսաստանին դնել այս պատասխանատվության տակ: Այսինքն՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություն ասվածը չպետք է ենթադրի միայն Հայաստանի պատասխանատվություն, դա պետք է ենթադրի նաև Ռուսաստանի պատասանատվություն: Եվ Նիկոլ Փաշինյանի այդ շեշտադրումը շատ կարևոր է ու առաջին հերթին բխում է հենց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շահից»,- ասաց Բադալյանը:

Վերլուծաբանը նաև պնդում է՝ այժմ բազմաթիվ շերտեր, թե՛ Հայաստանի նախորդ իշխող համակարգի որոշ շրջանակներ, թե՛ այդ շրջանակների ռուսական ճյուղավորումները, թե՛, առավել ևս, Ադրբեջանը, ակտիվորեն փորձում են պաշտոնական Մոսկվայի մոտ անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ՝ Փաշինյանի կառավարությանը ներկայացնելով իբրև հակառուսական իշխանություն և հակառուսական դավադրության արդյունք: Այդ փորձերի նպատակը շատ հստակ է՝ եթե Կրեմլը վստահություն չունեցավ Փաշինանի կառավարության նկատմամբ, ապա դա բազմաթիվ խնդիրներ կհարուցի նրա համար: Առայժմ, ըստ վերլուծաբանի, նման անվստահություն առաջացնելու փորձերն արդյունք չեն տալիս:

«Բնականաբար, նոր իշխանություն է Հայաստանում, և Կրեմլի վստահության մասին խոսելը, մեղմ ասած, դեռ վաղ է: Բայց եթե խնդիրները դրվում են շատ հստակ, քաղաքական փոխադարձ շահի տրամաբանությամբ, սա հայ-ռուսական հարաբերություններում թվացյալ լարում է առաջացնում, բայց իրականում դա առողջացնող պրոցես է: Պետք է խոսել փոխադարձ շահերի մասին, պետք է խոսել խնդիրների մասին, որ այդ հարաբերություններն առողջանան և չունենան այնպիսի մետաստազներ, ինչպիսին էր, օրինակ, ապրիլյան պատերազմը, կամ մի շարք այլ աղմկահարույց ողբերգական դեպքեր, ընդհուպ՝ Պերմյակովի հետ կապված հայտնի դեպքը»,- շարունակեց Հակոբ Բադալյանը:

Նա Եվրամիությանն ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ևս դիտարկում է խնդիրները վեր հանելու և հարաբերությունների առողջացման տեսնակյունից: Փաշինայնն այսօր շեշտել էր․ «Եվրամիության «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը չի աշխատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG