Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Իրականությունը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և օրենքներին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ՝ շարունակելով․ - «Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ»:

«Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար, և Հայաստանում օրինականության հաստատման կարևորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական և տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը և պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը», - ասել է վարչապետը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ, կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է: «Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախացնում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին», - ընդգծել է նա:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հասարակական կարգի և անվտանգության պահպանման ու ապահովման առնչությամբ Փաշինյանն ընդգծել է, որ այս առումով մեծ խնդիրներ չկան և չպետք է լինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի փոփոխություններից հետո նաև հաստատվել է համապատասխան մթնոլորտ:

«Ոստիկանության խնդիրն է նաև սիրո և համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունը որևէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետև օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են. որևէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո և համերաշխության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաև որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»:

«Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել, և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել», - ասել է վարչապետը:

«Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգևորություն, նոր էներգիա հաղորդել: Հայաստանում ձևավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաև ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել, և կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ, որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որևէ մեկը զրկված չէ, և այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին», - հայտարարել է Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաև ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը:

«Հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցրել է, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն է՛լ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին», - հայտարարել է ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG