Մատչելիության հղումներ

Թուրքիան չեղարկեց արտակարգ դրությունը․ Եվրամիությունը ողջունում է, բայց նաև մտահոգված է


Թուրքիա - Զրահամեքենա Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց, օգոստոս, 2016թ․
Թուրքիա - Զրահամեքենա Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց, օգոստոս, 2016թ․

Ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները չեղարկել են երկրում երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը: Այդուհանդերձ, որոշ օրենքներում առաջարկվող և առկա սահմանափակումները պակաս խիստ չեն: Այդ իսկ պատճառով, Եվրամիությունը թե՛ ողջունում է արտակարգ դրությունը չեղարկելը, թե՛ մտահոգություններ հայտնում:

Եվրամիությունը, իր հայտարարությունում ողջունելով Թուրքիայում արտակարգ դրության չեղարկումը, նաև Ռեջեփ Էրդողանի կառավարությանը հիշեցրել է, որ օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների կոնկրետ և տևական բարելավումները շատ կարևոր են մնում Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների հեռանկարների համար:

«Մենք գտնում ենք, որ նոր օրինագծերի առաջարկների ընդունումը կառավարությանը չափից մեծ ուժ է երաշխավորում, և արտակարգ դրության որոշ տարրերի պահպանումը կարող է վերացնել արտակարգ դրությունը չեղարկելու դրական արդյունքները», - Անկարային զգուշացրել է Բրյուսելը:

France-Presse-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը Թուրքիային հորդորել է հարգել գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը, չեղարկել այն բոլոր միջոցները, որոնք շարունակում են խարխլել օրենքի գերակայությունը, դատարանների անկախությունը և ժողովրդավարական հիմնարար ազատությունները:

Թուրքիայի ներսում ևս կարծում են, որ նոր օրինագծերը պակաս խիստ չեն: Արտակարգ դրությունը չեղարկելու որոշումից մի քանի օր առաջ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը շրջանառության մեջ է դրել ահաբեկչության դեմ պայքարին, անվտանգությանն առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ, ինչը, ընդդիմության պնդմամբ, նույնքան ռեպրեսիվ է, որքան արտակարգ դրությունը: Դրանք, մասնավորապես, ենթադրում են կասկածյալներին բանտարկելու համար ավելացնել իշխանությունների լիազորությունները, տեղական իշխանություններին լիազորություններ են տրվում՝ կասկածների դեպքում սահմանափակելու քաղաքացիների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններ և քաղաքներ կամ ելքը, արգելելու հանրային միջոցառումները, հանրահավաքները, հայտարարելու արտակարգ լրացուցիչ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ուղղակի առաջարկվում է պահպանել արտակարգ դրության մի շարք պայմաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG