Մատչելիության հղումներ

Ոստիկաններին հայտնի է, թե ովքեր են Սկրիպալներին թունավորողները․ Բրիտանական մամուլ


Յուլիա Սկրիպալ, արխիվ
Յուլիա Սկրիպալ, արխիվ

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկիպալին և նրա դստերը՝ Յուլիային «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիտիկ ուժեղ ազդեցությամբ նյութով թունավորելու մեջ Լոնդոնն ի սկզբանե մեղադրում էր Ռուսաստանին, բայց կոնկրետ կասկածյալների անուններ չէին նշվում: Այսօր Press Association և «Sun» թերթերը, վկայակոչելով հետաքննության աղբյուրները, հաղորդեցին, որ Բրիտանիայի ոստիկանությանը հաջողվել է պարզել Սկրիպալների վրա հարձակման հեղինակներին:

«Սքոթլանդ յարդում» համարում են, որ Սկրիպալների թունավորմանը մասնակցել են մի քանի ռուսաստանցիներ: Ոստիկանության աղբյուրները հայտնել են, թե ուսումնասիրվել են այդ ժամանակահատվածում Բրիտանիա ժամանած մարդկանց ու փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, արդյունքում պարզելով կասկածյալներին: Քննիչները համոզված են, որ նրանք ռուսաստանցիներ են:

Սկրիպալների թունավորման դեպքից մոտ 3 ամիս անց տեղի ուենցավ «Նովիչոկ»-ով թունավորման երկրորդ դեպքը, որի հետևանքով մահացավ 44-ամյա մի կին՝ Դոուն Սթերջեսը: Ենթադրվում է, որ նա և վերջինիս ընկերը՝ Չարլի Ռոուլին թունավորվել են «Նովիչոկ»-ի այն նույն խմբաքանակից վերցված նյութով, որն օգտագործվել էր Սկրիպալների դեմ:

Նյարդապարալիտիկ նյութի ազդեցությունը կնոջ վրա 10 անգամ ավելի ուժեղ է եղել, քան Սկրիպալների դեպքում: Քննիչները կարծում են, որ թունավոր նյութն օծանելիքի սրվակի մեջ է եղել, որը զույգը գտել է Սոլսբերիում: Կինը, կարծելով թե դա օծանելիք է, օգտագործել է այն: Թունավորվել է նաև 45-ամյա Չարլի Ռոուլին, բայց նա «օծանելիքը» չէր օգտագործել ու հիմա բուժվում է Սոլսբերիի հիվանդանոցում: Անցած շաբաթ Ռոուլին գիտակցության է եկել: Հետաքննությունը վարող Լոնդոնի ոստիկանությունը չի մեկնաբանել մամուլի այս հրապարակումները:

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, անգիտակից վիճակում Սոլսբերիում հայտնաբերվել էին այս տարվա մարտի 4-ին: Երկարատև բուժումից հետո բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը: Սկրիպալները դուրս են գրվել հիվանդանոցից, բայց նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

Հունիսի 30-ին Սոլսբերիից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էյմսբերի ավանում անգիտակից վիճակում հայտնաբերվեցին Չարլի Ռոուլին և Դոուն Սփերջեսը: Քիմիական լաբորատորիայի փորձաքննությունը հաստատել է, որ նրանք թունավորվել են նույն նյութվ, ինչ Սկրիպալները: Հուլիսի 8-ին Սթերջեսը մահացավ, քրեական գործը հարուցվել է սպանության հատկանիշով: Ոստիկանությունը հաղորդել է, որ «Նովիչոկ»-ը փոքր սրվակի մեջ հայտնաբերվել է Չարլզ Ռոուլիի բնակարանում: Մինչ այդ նրանք այցելել էին Սոլսբերի: Պաշտոնական հաստատում, որ դա օծանելիքի սրվակ է՝ չկա: Հետաքննությունը փորձում է նաև պարզել, թե որտեղ է արտադրվել այդ սրվակը:

Ռուսաստանն ի սկզբանե հերքել է իր մասնակցությունը թունավորման այդ միջադեպին: Այսօր էլ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն դարձյալ ասել է, թե մեղադրանքներն անհիմն են, և հետաքննությունը ոչ մի փաստ չունի: Ռուսաստանցի կասկածյալների մասին մամուլի հաղորդումների կապակցությամբ էլ դեսպանն ասել է, որ այդ տեղեկատվությունը կցանկանային լսել ոչ թե մամուլից, այլ պաշտոնական Լոնդոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG