Մատչելիության հղումներ

Բանակի ամենախոցելի օղակը զորակոչային բժշկական հանձնաժողովներն են․ փաստաբան


Բանակի ամենախոցելի օղակը զորակոչային բժշկական հանձնաժողովներն են և դրանցում առկա կոռուպցիոն սխեմաները նորություն չեն հասարակության համար, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից օրերս արված բացահայտմանը, կարծիք հայտնեց փաստաբան Նորիկ Նորիկյանը։

Հուլիսի 16-ին ԱԱԾ-ն հայտարարել էր բանակում կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին, որում ներգրավված են եղել մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ ու զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս մինչև 14,000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց 4 տասնյակից ավելի զորակոչիկների համար կազմել են բժշկական կեղծ փաստաթղթեր և կազմակերպել նրանց ազատումը կամ տարկետում ստանալը 2018 թվականի ամառային զորակոչից։ Ըստ ԱԱԾ-ի, այդ շղթայի առանցքային դերակատարներից է եղել Հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, ներգրավված է եղել նաև Գեղարքունիքի մարզի զինկոմիսար Գարիկ Առաքելյանն ու բժիշկ Արամայիս Սանոսյանը: Նրանց 3-ին էլ արդեն առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Սեփական մասնագիտական փորձը համադրելով իրավապահների այս բացահայտման հետ, փաստաբան Նորիկյանն ասում է՝ ստացվում է, որ թիրախում հայտնվում են իրականում առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներն ու հենց նրանցով էլ համալրվում է բանակը։ Իսկ սա հարված է զինված ուժերի մարտունակությանը։

«Երբ առողջ կոնտինգենտը դուրս է մնում զորակոչից, առաջ է գալիս առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին զորակոչելու խնդիր, որովհետև ռեսուրս ապահովելու խնդիր կա էսօր», - մեկնաբանեց փաստաբանը: - «Ես ամեն օր ստանում եմ 4-5 ահազանգ՝ տարբեր բնույթի իրավունքների խախտման․ մի դեպքում երեխայի գիտակցության կորուստ, մի դեպքում՝ զինվորական մարմինները հրաժարվում են ուղեգրեր տրամադրել, որպեսզի այս կամ այն հիվանդության բերումով երեխան հետազոտվի»:

2016 թվականից մինչև օրս էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ բանակից վաղաժամ ազատվել է 22 զինծառայող։ Նրանք բոլորը, կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, բայց զորակոչվել են՝ հավանաբար թվաքանակի համալրման համար։ Իրավապաշտպան ասում է՝ սա ևս վկայում է կոռուպցիայի առկայության մասին և հայտարարությունները, թե համակարգում բարեփոխումներ են կատարվում, դեռ իրական կյանքում չեն արտացոլվում: - «Այնպես չէ, որ այս պահի դրությամբ այդ բնագավառում ամեն ինչ լուծված է ու շատ փայլուն է», - հավելում է Սադիկյանը՝ վկայակոչելով վերջին օրերին իրենց ստացած ահազանգերը:

Մասնագետները վստահ են՝ կոռուպցիոն երևույթների նվազեցումը հնարավոր է միայն մեղավորների պատասխանատվության ենթարկելու միջոցով, ինչը նախկինում չի եղել։

Պաշտպանության նախարարի խոսնակն այսօր չմեկնաբանեց ԱԱԾ բացահայտումը։ Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը ընթանում է բնականոն ռեժիմով, բայց իրենք չեն բացառում, որ հանձնաժողովներում կլինեն մարդիկ, որոնք կունենան նման գայթակղություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG