Մատչելիության հղումներ

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող կոալիցիան ԱԺ փոխնախագահին դատապարտող փաստաթուղթ է պատրաստում


Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արփինե Հովհաննիսյան, արխիվ

«Հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորելու միտում ընդհանրապես չեմ ունեցել: Եթե համարում են, որ այդ եզրույթն օգտագործելով՝ ես նրանց վիրավորել եմ, հայցում եմ նրանց ներողամտությունը»,- այսօր ասել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» նախաձեռնել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի արտահայտությունները դատապարտող հայտարարություն, որով պահանջելու են նաև խորհրդարանում ձևավորել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում՝ «քննարկելու համար նրա վարքագիծը»:

Այս մասին «Ազատությանը» հայտնեց կոալիցիայի քաղաքական ջատագովության համակարգող Վարդինե Գրիգորյանը: Հայտարարությունը, Գրիգորյանի խոսքով, պաշտոնապես կտարածվի այսօր երեկոյան: Նրա կարծիքով՝ «մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությամբ Արփինե Հովհաննիսյանը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորել, իսկ «ֆեյսբուքում» տարածած արդարացմամբ հաստատել է այն:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ աղմուկ է բարձրացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով ԱԺ-ում կայացած քննարկման տեսագրությունը: Պատգամավորներն ու վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը երեքշաբթի օրը դարձյալ քննարկում էին վիճահարույց ռեյտինգային համակարգի հետ կապված հարցը։

Կառավարության համար ռեյտինգային ընտրակարգի վերացումը սկզբունքային հարց է, և հենց այդ հարցի շուրջ էլ բանավեճ է ծավալվել: Գործող ռեյտինգային ընտարակարգի հեղինակ հանրապետականները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, խնդրի լուծման միջանկյալ տարբերակներ են առաջարկում:

Համացանցում հայտնված տեսանյությում լսելի է, որ Դանիել Իոաննիսյանի ելույթի ընթացքում Արփինե Հովհաննիսյանն ասում է՝ «Մենք 4-ով, «Ելք»-ը չգիտեմ ոնց, մենք կարանք տանք կոմպրոմիսային տարբերակ, թող գնան քննարկեն, թե չէ էս մտավոր հետամնացի հետ ինչքան կարանք պայքարենք»։

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման տեսանյութն ու գրել․ «Արփինե Հովհաննիսյանն, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է»: Իոաննիսյանն, ապա, հավելել է․ «Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ»։

Իոաննիսյանն ակնկալել էր հրապարակային ներողություն կամ պարզաբանում, եթե խոսքերն իրեն չէին ուղղված: Արփինե Հովհաննիսյանը ևս ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց, նշելով․ «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG