Մատչելիության հղումներ

Արարատի երկու նախկին մարզպետները միմյանց դեմ հաղորդումներ են ներկայացրել, հարուցվել է քրգործ՝ կաշառք ստանալու և շորթման հատկանիշներով 


Ալիկ Սարգսյանը «Ազատության» տաղավարում, 5-ը ապրիլի, 2018 թ․
Ալիկ Սարգսյանը «Ազատության» տաղավարում, 5-ը ապրիլի, 2018 թ․

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը, 2012 թվականից սկսած, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար գումար։

Ի դեպ, հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը ևս պաշտոնավարել է որպես Արարատի մարզպետ՝ 2000-2008 թվականներին: 2008-2011 շրջանում նա եղել է Հայաստանի ոստիկանապետը: Այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է:

«[Ալիկ սարգսյանի] հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը բացատրություն, ապա նաև հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG