Մատչելիության հղումներ

Երևանցիները դժգոհում են «Սանիթեքից»՝ աղբն օրերով չի հեռացվում


Երևան, 18-ը հուլիսի, 2018 թ․

Մայրաքաղաքի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության աշխատանքը վերջին շրջանում չի գոհացնում երևանցիներին։ Կուտակված աղբն օրերով, անգամ մեկ շաբաթ շարունակ չի հեռացվում, իսկ զանգերն ու բողոքները թեժ գծին՝ մնում են անպատասխան, «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին երևանցիները։ «Ամառ ա, շոգ ա», «կողքով անցնել չի լինում․․․»,- ասացին աղբակույտերից մեկի մերձակա բնակիչները:

Խիստ անմխիթար տեսարանի ականատես եղանք Շենգավիթ վարչական շրջանում։ Այստեղ ոչ միայն աղբամաններն էին ամբողջությամբ լցված, այլև դրանց շրջակայքն էր աղբով պատված։ Նույն տեսարանը կրկնվում էր գրեթե ամեն քայլափոխի։ Բնակիչներն ասացին՝ 10-րդ օրն է՝ «Սանիթեքն» իրենց փողոցով չի անցել․ «Ոչ պատուհան ենք կարողանում բացել, ոչ բակ ենք կարողանում դուրս գալ»:

Արդեն 4 տարի Երևանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեքի» սպասարկման որակից քաղաքացիներն առանձնապես գոհ չէին նաև նախկինում, սակայն, ըստ նրանց, քաղաքապետի հրաժարականից հետո վիճակն ավելի է վատացել։ Նման պատկեր միայն Շենգավիթում չէ։ Սոցցանցերի օգտատերերը վերջին օրերին նկարներ տեղադրելու միջոցով են իրազեկում, թե ինչ է կատարվում Երևանի այն հատվածներում, որտեղ «Սանիթեքն» աղբահանություն չի իրականացրել։ Տեղադրվել են և՛ Քանաքեռ-Զեյթունի, և՛ Նոր Նորքի, և՛ էրեբունու փողոցների նկարներ։

Լեփ-լեցուն աղբամանները չեն վրիպել նաև վարչապետի աչքից։ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ասաց՝ գոհ չէ «Սանիթեքի» աշխատանքից, և պետք է այնպես անել, որ քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն։

Ինչ վերաբերում է «Սանիթեքին», ապա ընկերությունը դեռ երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար։ Չմաքրված աղբի ու գարշահոտության պատճառն էլ, ըստ ընկերության, տեխնիկական խափանումներն են, որոնք աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացը շեղել են նախատեսված պլանից։

Ազատության հետ զրույցում «Սանիթեքի» խոսնակն ասաց՝ այս պահին հարցազրույց տալ չեն կարող, քանի որ աշխատում են ճգնաժամային ռեժիմով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG