Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է դառնա նոր տեխնոլոգիաների երկիր»․ նախագահն այցելեց «Քենդլ» ինստիտուտ


Նախագահ Արմեն Սարգսյանը «Քենդլ» ինստիտուտում, 18-ը հուլիսի, 2018 թ․
Նախագահ Արմեն Սարգսյանը «Քենդլ» ինստիտուտում, 18-ը հուլիսի, 2018 թ․

Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիաների երկիր։ Այս մասին այսօր «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը, ընդգծելով՝ ժամանակակից տեխնոլոգիաները զարգացնելու համար մի քանի բաղադրիչների կարիք կա։

«Նախևառաջ կրթական համակարգը, որովհետև այդ տեխնոլոգինաերը ստեղծողներն անհատներ են, մարդիկ են, որ մասնագիտական հմտություններ պիտի ունենան։ Երկրորդ բաղադրիչը՝ դուք չեք կարող ժամանակակից տեխնոլոգիաներ ունենաք, արտադրեք, վաճառեք աշխարհով մեկ, եթե դրա կողքին չունեք ֆունդամենտալ գիտություն։ Մեր նպատակը պետք է լինի, որ ստանանք բարձր որակի ստեղծագործող մասնագետներ ամբողջ ոլորտում՝ բիոտեխնոլոգիաներից մինչև այլ ժամանակակից տեխնոլոգիաներ»,- ասաց նախագահ Սարգսյանը։

«Նախկին կառավարության օրոք գիտությանը հատկացվող ֆինանսավորումն այս տարվա բյուջեում նվազեցված է, ինչպե՞ս եք տեսնում այս պայմաններում ոլորտի զարգացումը», «Ազատության» այս հարցին ի պատասխան, նախագահն ասաց, թե կառավարությանը կաջակցի իր խորհուրդներով ու կապերով: «Հիմա ինչու՞ ենք հենց ֆիզիկայով սկսել, որովհետև ես այս ոլորտի մասնագետ եմ, դրսում կապեր շատ ունեմ։ Կառավարությունը, վստահ եմ, ցանկություն ունի լավագույնս օգնելու։ Սակայն ցանկացած կառավարություն, իհարկե, ունի իր սահմանափակումները»,- շարունակեց Արմեն Սարգսյանը:

«Քենդլ»-ը Հայաստանի փորձարարական ֆիզիկայի նորագույն կենտրոններից մեկն է, զբաղվում է այնպիսի ճյուղերով, ինչպիսիք են լազերային և վակուումային ֆիզիկան, ռադիոֆիզիկան, նյութագիտությունը, փորձարարական կենսաբանությունը։

Ժամանակակից պետություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ երեք բան՝ ժամանակակից օդանավակայան, ժամանակակից ճանապարհներ և ժամանակակից արագացուցիչ, ասում է «Քենդլ»-ի տնօրեն Վասիլի Ցականովն ու հավելում՝ հենց վերջինի՝ արագացուցիչի շնորհիվ էլ կատարվում են հետազոտություններ բնագիտության ասպարեզում, գրանցելով հաջողություններ։ «Սա եզակի է աշխարհում, որը հնարավորություն է տալիս ժամանակակից լազերով արագացնել մասնիկները, ստեղծել լազերային նանոտեխնոլոգիաների էքսպերիմենտալ կայան և բիոբժշկության կայան, որտեղ կարելի է կատարել ժամանակակից հետազոտություններ։ Նոր դեղամիջոց է մշակվում՝ ծերանալու դեմ»,- ասաց «Քենդլ»-ի տնօրենը:

Արմեն Սարգսյանն էլ նկատում է՝ այն գործիքները, որոնք կան այս ինստիտուտում,միջազգային շուկայում մեծ արժեք ունեն, ու նաև դրանց շնորհիվ Հայաստանում կարող են աճել ներդրումները․ «Արագացուցիչ ունենալով, հետազոտական աշխատանքներ անելով, սկսում ենք դառնալ դեռևս փոքր, բայց արժեքավոր արտադրության երկիր, և սա նույնիսկ կարող է մեծ ներդրումներ բերել Հայաստան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG