Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը համոզված է, որ նախկին նախարարների հարցաքննությունները քաղաքական ենթատեքստ ունեն


Վրաստանի նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլի, արխիվ:
Վրաստանի նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլի, արխիվ:

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մերձավոր թիմակիցները հայտնվել են  կոռուպցիոն սխեմաների հետաքննության թիրախում:

Այդ մասին հայտնի դարձավ երեկ, երբ Վրաստանի Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց նախկին փոխվարչապետ և Տնտեսական զարգացման նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլիի և Տարածքային զարգացման և ենթակառույցների նախկին նախարար Զուրաբ Ալավիձեի հարցաքննության փաստը:

«Կումսիշվիլին և Ալավիձեն հարցաքննվել են իրենց ենթակա գերատեսչությունների որոշ աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման և բյուջետային միջոցների մեծածավալ յուրացումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում», - նշված է Վրաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցաքննության փաստը հաստատել է նաև մինչև այս տարվա հունիսի 13-ը երկրի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Դմիտրի Կումսիշվիլին․ - «Ես դատախազություն եմ այցելել իմ պաշտոնանկությունից մի քանի օր անց: Դատախազության աշխատակիցները խնդրել են ինձ մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնել: Դրանց թվում էր նաև մի խնդիր, որի մասին տեղեկատվությունը դատախազություն է ուղարկվել իմ պաշտոնավարման ընթացքում»:

Հարցաքննված մյուս պաշտոնաթող նախարարը` Զուրաբ Ալավիձեն երեքշաբթի երեկոյան հանդես եկավ գրավոր հայտարարությամբ` նշելով, որ հարցաքննությունը վերաբերել է Տարածքային զարգացման և ենթակառույցների նախարարության կողմից անցկացված մի շարք մրցույթներին և դրանց մասնակցած ընկերություններին:

Թբիլիսյան մամուլի և սոցիալական ցանցերի մի շարք իշխանամետ օգտատերերի կողմից շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործն առնչություններ ունի երկրում այս պահին իրականացվող թերևս ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի` Անակլիայի նավահանգստի շինարարության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, կոռուպցիոն սխեմաներում, նախկին պաշտոնյաներից բացի, ներգրավված է եղել նաև երկրի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` TBC Holding-ի սեփականատեր Մամուկա Խազարաձեն, որը նաև «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիրներից մեկն է: Վրացական որոշ կայքերի տեղեկություններով, ի դեպ, հետաքննության հաջորդ թիրախը կարող է դառնալ հարցաքննված պաշտոնյաների նախկին անմիջական ղեկավարը` Վրաստանի պաշտոնաթող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ, սակայն, նախկին վարչապետի թիմակիցների հանդեպ դատախազության ուշադրությունը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ իշխանական տարբեր կլանների միջև անհաշտ պայքարի վկայությունն է:

«Ակնհայտ է, որ իրականացվող գործողությունները քաղաքական դրդապատճառներով են թելադրված: Ընդհանրապես, կոռուպցիոն հետաքննությունների թիրախում պետք է հայտնվեն ոչ թե ներիշխանական պայքարում պարտված խմբավորումները, այլ առաջին հերթին գործող պաշտոնյաները, որոնք ներգրավված են կոռուպցիոն սխեմաներում: Ցավոք սրտի, Ւվանիշվիլիի պարագայում հակառակն է տեղի ունենում», - նշել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան:

Իսկ Ազգային միացյալ շարժման ղեկավարներից Ռոման Գոցիրիձեն համոզված է, որ «Կումսիշվիլիի և Ալավիձեի մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունները երկրում առկա ընտրովի արդարադատության մասին են վկայում»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները առայժմ ընթացող հետաքննության մասին գերադասում են որևէ հստակ մեկնաբանությամբ հանդես չգալ: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունը լիովին տեղավորվում է իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակներում․ - «Մենք նախաքննության ընթացքին միջամտելու իրավունք չունենք: Եթե դատախազությունը հարցեր ունի, ապա դրանք պետք է հնչեցվեն և արժանանան հստակ պատասխանի»:

Իսկ Բիձինա Իվանիշվիլիի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաներից մեկը` Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, այսօր կտրականապես հերքում էր դատախազության կողմից նախաձեռնված հետաքննության քաղաքական ենթատեքստի մասին պնդումները․ - «Այս ամենում ես Կվիրիկաշվիլիի թիմակիցների որևէ հետապնդում չեմ տեսնում: Կումսիշվիլիի և Ալավիձեի հարցաքննության մասին ես լրատվամիջոցներից եմ իմացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG