Մատչելիության հղումներ

Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Եղոյան


Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյան, արխիվ

Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ Եղոյանի, դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը: Իսկ Փաշինյանը դեպքին կանդրադռանա ուրբաթ օրը կանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ տեղի ունեցած դեպքին՝ ընդամենը տեղեկացնելով, որ այդ հարցը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր քննարկելու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ հանդիպման ընթացքում։

«Ես զերծ կմնամ որևէ գնահատականներ տալուց, բայց այսօր պլանավորված է պաշտպանության նախարարի հանդիպումը Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ։ Մենք այդ մասին կխոսենք իրենց հետ, եթե դրանից հետո լրացուցիչ գնահատականի և պարզաբանման հարց լինի, այն ժամանակ մենք կանդրադառնանք։ Եվ ինչքան գիտեմ` Շիրակի մարզպետը ևս հանդիպել է բազայի հրամանատարության հետ, և համապատասխան հայտարարություն արդեն կա», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե կոնկրետ գործողություններ չպե՞տք է իրականացվեն այսօրինակ միջադեպերը բացառելու համար՝ հաշվի առնելով ռազմաբազայի հետ կապված նախկին միջադեպերը, որոնց արդյունքում ունենք նաև սպանություններ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Դրանից ավել բան ես էս պահին չեմ կարող ասել, կներեք»:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։

Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։

«Այս փաստով դրսևորվել է ՌԴ իշխանությունների իրական վերաբերմունքը նոր Հայաստանի նկատմամբ»

Արթուր Սաքունց, արխիվ
Արթուր Սաքունց, արխիվ

​Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում Փանիկում տեղի ունեցածը որակեց սադրանք՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ:

Իրավապաշտպանը չբացառեց, որ ռուս զինծառայողները միտումնավոր են կրակել գյուղի տների ուղղությամբ՝ փորձելով խառնաշփոթ իրավիճակ ստեղծել և կրքեր բորբոքել։

Ըստ Սաքունցի, այս կոնկրետ փաստով դրսևորվել է Ռուսաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը նոր Հայաստանի նկատմամբ։

«Ազատություն». - Դուք դիտել եք այդ կադրերը և տեսնում եք, որ ռուս զինծառայողները կրակում են գյուղի տների ուղղությամբ, սա կարելի՞ է անփութություն որակել։

Սաքունց. - Սա նշանակում է սադրանք։ Այս կոնկրետ փաստով դրսևորվում է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների իրական վերաբերմունքը նոր Հայաստանի նկատմամբ։

«Ազատություն». - Ինչո՞ւ կրակել տների ուղղությամբ։

Սաքունց. - Սադրանք, ահաբեկչություն մտցնել, խռովություն առաջացնել, դժգոհություն առաջացնել և դրա հիման վրա քաղաքական իրենց նպատակներին հասնել։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք սա ծրագրված գործողությո՞ւն եք դիտարկում։

Սաքունց. - Ես պետք է ունենամ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից պատշաճ պատասխան, ծառայողական քննություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եզրակացություն կամ որոշումները նման խախատումներ թույլ տված զինծառայողների նկատմամբ, նաև հստակ ոչ միայն հավաստիացում, այլ կոնկրետ քայլեր նման գործողությունների կանխման ուղղությամբ, որպեսզի վստահություն առաջանա իմ մոտ, որ դա եղել է պատահականություն և ոչ թե ծրագրավորված գործողություն։

Իրավապշտպանը հիշեցնում է ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցած տարիների ընթացքում կատարած բազմաթիվ հանցագործությունները, այդ թվում՝ Պերմյակովի կողմից Ավետիսյանների սպանդը, ականի պայթյունի հետևանքնով 2 երեխաների մահվան դեպքը, ռազմաբազայի զինտեխնիկայի տեղաշարժի արդյունքում գյուղացիների ցանքատարծություններն ավերելու փաստերը, որոնք այդպես էլ համարժեք պատասխան չեն ստացել։

Այս ամենն անփութություն չէ, ինչպես փորձում է ներկայացնել ռուսական ռազմաբազան, նշում է Արթուր Սաքունցը՝ շեշտելով, որ խոսքը զենքի գործադրմամբ կատարված միջադեպերի մասին է, որոնց դեմ Հայաստանի խաղաղ բնակիչներն անպաշտպան են:

Ըստ իրավապաշտպանի, պետք է հետևի լուրջ քննություն և ոչ միայն կրակողներն, այլև նրանց հրամանատարները պետք է ենթարկվեն պատասխանատվության, Հայաստանի իշխանություններն այդ պահանջը պետք է դնեն Ռուսաստանի առջև։

Սաքունցի համոզմամբ, նման դեպքերը կանխելու համար պետք է Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտադիտարկում իրականացնի, որպեսզի անվտանգության ինստիտուտից ռուսական ռազմաբազան չվերածվի վտանգի աղբյուրի, սակայն պայմանագրով նման մեխանիզմ ամրագրված չէ:

Հայ-ռուսական միջպետական պայմանագրերով ամրագրված չէ նաև կատարվող ծախսերի արդյունավետության ուսումնասիրության հարցը:

Հայաստանն իր պետական բյուջեից հսկայական միջոցներ է տրամադրում ռուսական ռազմաբազայի և սահմանապահ զորքերի կենսագործության համար և, հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորություն ունենան աուդիտի ենթարկել այդ ծախսերի արդյունավետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG