Մատչելիության հղումներ

Վրաստանում հստակեցվում են աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները


Վրաստանի նախագահի նստավայրը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի նախագահի նստավայրը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրել նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին: Նրա թեկնածությունը պաշտպանել են մեկ տասնյակ քաղաքական ուժեր, որոնք նախօրեին հուշագիր են ստորագրել:

Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխող կուսակցության ընտրությունը կանգ է առել անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի վրա: Front News International կայքը պնդում է, որ «Վրացական երազանք»-ի աղբյուրները հաստատել են այդ լուրը: Իշխող կուսակցությունը ավարտել է թեկնածուների հարցի քննարկումները և վերջնական հայտարարության համար սպասում են «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի որոշմանը: Սալոմե Զուրաբիշվիլին ևս նախկին արտգործնախարար է:

Այսօրվա դրությամբ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն են հայտնել խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեն ու Դավիթ Ուսուպաշվիլին, լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» կուսակցությունից Զուրաբ Ջափարիձեն և «Վրացական երթ» կոչվող շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն:

Ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել էր, որ որոշում կընդունի, երբ հայտնի դառնա իշխող կուսակցության թեկնածուն:

Վրաստանի նախագահի ընտրությունները անցկացվելու են 2018-ի աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG