Մատչելիության հղումներ

Երևանում պաշտոնապես բացվեց Արամ Մանուկյանի աղմկահարույց արձանը


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումն ի վերջո տեղի ունեցավ այսօր: Արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, կաթողիկոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով. - «Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետությանը քաղաքացիները, և այդ առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որ ունենալ իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել, որ մենք տերն ենք Ձեր առաքելության՝ տիար Արամ Մանուկյան»:

Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ «Ազատության» հարցին, թե բազմաթիվ քննադատություններ եղան արձանի արտաքին տեսքի վերաբերյալ, հիմա ինչպե՞ս կընդունվի այն հանրության կողմից, արձանի հեղինակ քանդակագործ Դավիթ Մինասյանը պատասխանեց՝ արդեն լսում է դրական արձագանքներ, իսկ եղած քննադատություններն իրեն անգամ օգնել են:

«Որովհետև էդ քննադատությունները, էդ աղմուկը, էդ երբեմն անգիտակից կարծիքները՝ առանց ինֆորմացիան տիրապետելու կարծիքները, էդ ամեն ինչը ինձ ստիպեցին ավելի լուրջ վերաբերվեմ ու ես կարողացա հասցնել ավարտին էս աշխատանքը», - նշեց քանդակագործը՝ հավելելով․ ֊ «Ինչո՞ւ չէ՝ թող մի հատ էլ գունավոր, համարձակ, մի քիչ անսպասելի բան լինի քաղաքում: Թե ինչքանով ստացվեց՝ ժամանակը ցույց կտա»:

Հունիսի վերջին Մշակույթի նախարարությունը հայտարարել էր՝ անընդունելի են համարում առանց իրենց հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրումը թույլատրելը: Գերատեսչությունը համարում է, որ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճումներից մեկը։

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե արձանի տեղադրումից հետո արդյոք Մշակույթի նախարարությունը ինչ-որ քայլերի կդիմի, նախարար Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ դիմելու են քաղաքապետարան՝ արձանի հնարավոր տեղափոխության հարցը քննարկելու համար: - «Այլընտրանքային առաջարկներ ենք ներկայացնելու քաղաքապետարանին, թե որտեղ է տեղակայված լինել արձանը: Սա է լինելու մեր հետագա քայլը», - նշեց նախարարը:

Մինչդեռ քանդակագործ Դավիթ Մինասյանը մտավախություն չունի, որ արձանը կապամոնտաժվի. - «Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ սխալ է կատարվել, և այս մետրոյի կայարանի ճարտարապետներից Ջիմ Թորոսյանի համահեղինակն էլ իր համաձայնությունն է տվել, Մկրտիչ Մինասյանն էլ է համաձայնել և նույնիսկ մասնակցել է այս մրցույթին: Այսինքն, ես չեմ տեսնում, որ լուրջ խնդիր կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG