Մատչելիության հղումներ

Նոր ԸՕ-ի նախագծի շուրջ դեռևս համաձայնություն չկա


Քվեարկություն Երևանում, արխիվ
Քվեարկություն Երևանում, արխիվ

Կվերացվի՞ արդյոք գործող ռեյտինգային ընտրակարգը, թե այն պարզապես որոշակի բարեփոխումների կենթարկվի՝ արդեն մի քանի շաբաթ տևող քննարկումներից հետո էլ քաղաքական ուժերն ու կառավարության ձևավորած հանձնաժողովն Ընտրական օրենսգրքի այս թերևս ամենաառանցքային հարցի շուրջ առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Ազգային ժողովում այսօր կայացած քննարկմանը վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց՝ կառավարության համար ռեյտինգային ընտրակարգի վերացումը սկզբունքային հարց է, ինչն ամրագրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրում։

«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ այնտեղ գրված չէ, թե հրաժարվում ենք տարածքային ցուցակներից: Առհասարակ գրված է՝ ռեյտինգայինից հրաժավում ենք, անցնում ենք սովորական, պարզ համամասնականի»,- քննարկման ժամանակ ասաց Իոաննիսյանը:

Գործող ռեյտինգային ընտարակարգի հեղինակ համարվող հանրապետականները սկզբունքորեն դեմ չեն այն վերացնելուն, սակայն պնդում են, որ տարածքներից պատգամավորներ պետք է լինեն խորհրդարանում։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խնդրի լուծման համար միջանկյալ տարբերակներ են առաջարկում։ «Իմ առաջարկած մոդելի ողջ էությունը հենց դա էր՝ վերցնել պարոն Իոաննիսյանի, պարոն Մարուքյանի առաջարկած մոդելի դրական կողմերը, պարոն Ռուստամյանի առաջարկած մոդելի դրական կողմերը և միավորել»,- ասաց Հարությունյանը:

Իոաննիսյանը, սակայն, կարծում է, որ դրանք ռեյտինգային ընտրակարգի վերացում չեն ենթադրում: «Պետք չէ փոքր երկիրը մաս-մաս անել՝ մեղրեցու և նոյեմբերյանցու շահերն օրենսդրական մակարդակում չեն տարբերվում իրարից»,- ասաց նա, հավելելով՝ պատրաստակամ են քննարկել առաջարկները: Իոաննիսյանն, այդուհանդերձ, պնդեց՝ քննարկման ենթակա տարբերակները չպետք է դուրս գան որոշակի շրջանակներից:

Ռեյտինգային ընտրակարգի վերացմանը կողմ է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, առաջարկում է ընտրողներին թույլ տալ իրենց քվեներով որոշել, թե կուսակցության ցուցակից հատկապես որ պատգամավորները պետք է անցնեն խորհրդարան՝ նրանց անվան դիմաց նշում կատարելով։ Պատգամավորը կարծում է, որ այս կերպ մարզային ընտրողները հնարավորություն կունենան խորհրդարան գործուղել սեփական թեկնածուներին։ Այս մոդելը, ըստ Իոաննիսյանի, նույնպես հակասում է կառավարության ծրագրին։

Տարածքային ցուցակների, կամ ինչպես ասում են՝ ռեյտինգային ընտրակարգի փոխարեն կառավարությունն առաջարկում է անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի: Ըստ այդմ՝ ընտրություններին կուսակցությունը պետք է ունենա նախապես հաստատված ու անփոփոխ ցուցակ, ընտրողներին առաջարկելով քվեարկել միայն տվյալ կուսակցության օգտին։ Գործող ընտրակարգը, հիշեցնենք, ընտրողներին թույլ է տալիս քվեաթերթիկի հակառակ կողմում նշում կատարելով՝ քվեարկել նաև տվյալ տարածքում կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին։

Կառավարությունը պնդում է, որ այդ ընտրակարգը օրենսդրական ու քաղաքական գործունեության հետ կապ չունեցող թաղային հեղինակություններին կամ տարածքում ազդեցություն ունեցող օլիգարխներին, հնարավորություն է տալիս հայտնվել խորհրդարանում։ Քննարկման մասնակիցներին Դանիել Իոաննիսյանն առաջարկեց հիշեցնել մի դեպք, երբ ռեյտինգային ընտրակարգով ընտրված որևէ պատգամավոր մասնակցել է օրինաստեղծ աշխատանքներին:

Այսօրվա քննարկումը նույնպես ավարտվեց այս հարցի վերաբերյալ կոնսենսուսի բացակայությամբ։ Խորհրդարանական ուժերն ու կառավարական հանձնաժողովն ընդհանուր հայտարարի գալու համար նոր ԸՕ-ի նախագծի շուրջ քննարկումները կշարունակեն այս շաբաթվա վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG