Մատչելիության հղումներ

Թուրքիայում ի վերջո վերացվում է արտակարգ դրությունը


Թուրքիա, Իզմիր, 16-ը ապրլի, 2018 թ․
Թուրքիա, Իզմիր, 16-ը ապրլի, 2018 թ․

Թուրքիայի կառավարությունն արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրինագիծն ուղարկել է խորհրդարանի նախագահի գրասենյակ՝ այն օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնելու և հաստատելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը լրագրողներին ասել է, որ արտակարգ դրությունը վերացվելու է հուլիսի 18-ին, հավելելով՝ ահաբեկչության դեմ պայքարը դրանով չի ավարտվելու:

Թուրքիայի իշխող վարչակազմն ահաբեկչության դեմ պայքար ասելով՝ առաջին հերթին նկատի ունի պայքարը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի և նրան առնչվող կառույցների դեմ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Երեկ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ելույթ ունելով Ստամբուլում անցկացված գիտաժողովում, ասել է․ «Ահաբեկչության բոլոր տեսակների, հատկապես Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ վճռական ու հետևողական պայքարը շարունակվելու է մինչև վերջ»: Նույն ելույթում նա գովաբանել է թուրք իրավապահների գործունեությունը, շեշտելով՝ հեղաշրջման փորձին ուղղակիորեն առնչվող բոլոր գործերի հետաքննությունն ավարտվել է, բացառությամբ մեկի: Դատարաններ ուղարկված այդ գործերով ցմահ ազատազրկման կամ երկարատև բանտարկության է դատապարտվել 2382 մարդ:

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժովրդա-հանրապետական կուսակցությունն իշխանություններին պարբերաբար հորդորում էր չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: 2016 թվականից մինչ այժմ իշխանություններն արդեն յոթ անգամ երկարաձգել են այն: Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմն իշխանությունները որպես գործիք են օգտագործում՝ Թուրքիայում այլախոհությունը ճնշելու համար:

Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել էր անցած ապրիլի 18-ին: Դրանից երկու օր առաջ ԺՀԿ-ականները հանրահավաք էին անցկացրել «Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, ոչ՝ արտակարգ դրությանը» կարգախոսով:

Անցած կիրակի լրացավ հեղաշրջման փորձի 2-րդ տարին, իսկ հեղաշրջման փորձի օրը՝ հուլիսի 15-ը, Թուրքիայում հայտարարվել է «Ժողովրդավարության և ազգային միասնության օր»: Անցած կիրակի ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված հանրահավաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Մենք կտրեցինք ութոտնուկի շոշափուկները, որը Փենսիլվանիայի հրեշն աճեցրել է կեղծիքի, ստի ու գաղտնիության մեջ»:

Թուրքիան արդեն երկու տարի է՝ ապրում է արտակարգ դրության պայմաններում: 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից 5 օր անց, հուլիսի 20-ին, Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարվեց: Հեղաշրջմանը մասնակցելու, օժանդակելու կամ «գյուլենական» լինելու կասկածանքով իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց կալանավորեցին, դատապարտելով ազատազրկման կամ հեռացնելով պետական, զինվորական ու քաղաքացիական ծառայությունից:

Արևմուտքը, իրավապաշտպան խմբերը, Անկարային բազմիցս քննադատել են, պնդելով, որ հակաահաբեկչական պայքարի քողի տակ Թուրքիայի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իրենց քննադատների հետ:

Թուրքիայում արտակարգ դրությունը վերացվում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից հետո, որի արդյունքում ավելի ամրապնդվեց Էրդողանի իշխանությունը: Նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխանական ավելի շատ լծակներ ու ավելի լայն լիազորություններ ստացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG