Մատչելիության հղումներ

2016-ին Խորենացիում բռնության մեջ մեղադրվող գործը ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար․ ՀՔԾ


Ոստիկանությունը Խորենացի փողոցում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը Խորենացի փողոցում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, «անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս»:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Ա. Կ.-ն 2016-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ: «Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով», - ասված է հաղորդագրությունում:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար այս տարվա հունիսի 25-ին ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այսօր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է երկուսից մինչև վեց տարի ժամկետով ազատազրկում, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG