Պակիստանի բանտարկված նախկին վարչապետ Նավազ Շարիֆը բողոոքարկել է իր 10 տարվա ազատազրկման դատավճիռը:
Հուլիսի 25-ին Պակիստանում նախատեսված են համապետական ընտրություններ: Շարիֆը և նրա դուստրը՝ Մարիամը, հուլիսի 6-ին են դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով: Երկուսն էլ բանտարկվել են Լոնդոնից Լահոր վերադառնալուց հետո:
Եթե Պակիստանի Գերագույն դատարանը բավարարի բողոքարկումը, Շարիֆը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել:
«Պակիստանի մահմեդական միություն-Նավազ» կուսակցության խոսնակ Մարիամ Աուրանգզեբը հայտնել է, որ բողոքարկումը երեկ է փոխանցվել Գերագույն դատարան:
Այդ կուսակցության առաջնորդը և հիմնադիրը Նավազ Շարիֆն է: Նրա փաստաբան Խավաջա Ահմադն ասել է, թե նախկին վարչապետին ներկայացված մեղադրանքն անհիմն է, իսկ ազատազրկումը բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում: