Մատչելիության հղումներ

Այս տարի բուհերի համար ծանր շրջան է լինելու. կրթության փորձագետ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան, արխիվ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան, արխիվ

Այս տարի բուհերի համար ծանր շրջան է լինելու, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա համոզմամբ, դրա պատճառը նախորդ տարվա համեմատ դիմորդների թվի գրեթե կրկնակի նվազումն է, ինչը 12-ամյա կրթական համակարգի ներդրման հետևանք է։

Խաչատրյանի խոսքով՝ սեպտեմբերից բավականին լուրջ արձագանքներ կլինեն համալսարաններից։

«Լինելու են կրճատումներ՝ ինչպես դասախոսների, այնպես էլ ժամաքանակների։ Որովհետև, օրինակ, արդեն հայտարարվել է, որ ունեցել ենք ֆակուլտետներ, որտեղ ոչ մեկը չի ընդունվել, կամ ունենք ֆակուլտետներ, որտեղ ընդունվել են երեք հոգի, յոթ հոգի, տասը հոգի, հետևաբար բակալավրիատի չորս կուրսերից երկուսն՝ առաջինն ու երկրորդը սեպտեմբերից լինելու են շատ թերբեռնված, բուհերում ֆինանսական խնդիրները սրվելու են», - ասաց Խաչատրյանը։

Այս տարի մայր բուհ է ընդունվել 1646 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ՝ դիմորդների թիվը նվազել է 899-ով:

Երևանի Պետական համալսարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ մայր բուհում չկան ընդհանրապես դիմորդ չունեցող ֆակուլտետներ, սակայն քիչ դիմորդներ ունեն հետևյալ մասնագիտությունների գծով՝ սննդի անվտանգություն՝ երկու դիմորդ, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա՝ մեկ դիմորդ, աստվածաբանություն՝ երկու դիմորդ, եկեղեցաբանություն՝ մեկ դիմորդ, քիմիայի ֆակուլտետ ընդունվել է հինգ դիմորդ։ Իսկ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ուսանող չի ունենա հետևյալ մասնագիտությունների գծով՝ բնագիտություն, շախմատ, իսպաներեն, սուրդոմանկավարժություն և ևս երկու բաժիններ։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ պետք է անեն բուհերն այս իրավիճակից դուրս գալու համար, կրթության փորձագետը պատասխանեց՝ ճիշտ կլինի, որպեսզի պետությունը որոշակի փոխհատուցում տա, քանի որ, ըստ Խաչատրյանի, պետության կատարած ռեֆորմի արդյունքում անցում կատարվեց 12-ամյա կրթական համակարգի, իսկ դրա հետևանքով տուժում են բուհերը։

«Դասախոսների ժամաքանակը կրճատվելու է, սա բերելու է նրան, որ դասախոսներն ավելի նեգատիվ էմոցիաներով են մտնելու լսարան, իսկ նեգատիվ էմոցիաներով լսարան մտնող դասախոսը հաճախ չի կարող ապահովել լավ արդյունք, սա բերելու է նրան, որ փորձելու են ինչ-որ խմբեր միացնեն իրար, դեպքեր ունենք, որ մեկ-երկու հոգի են ընդունվել, կամ հինգ հոգի, հինգ հոգու համար ուսումնական խումբ պահելը բավական թանկ հաճույք է։ Բուհերը սկսելու են հրաժարվել հրավիրյալ դասախոսներից, իսկ սա ծանր հարված է, որովհետև բուհական կրթությունը մեծապես հարստացնում են նաև այն մասնագետները, ովքեր պրակտիկ մասնագետներ են․ էս մարդիկ համալսարաններին շատ են պետք, որովհետև իրենք գործնական դաշտից են գալիս, իրենք էդ ուսանողների համար կարող են և աշխատատեղ ապահովել ապագայում», - ասաց կրթության փորձագետը։

«Ազատության» հարցմանը, թե արդյո՞ք մայր բուհում սպասվում է դասախոսական կազմի կրճատում, ԵՊՀ-ից պատասխանեցին, որ առայժմ հաստատված չեն ուսումնական բեռնվածությունները, և խոսել պրոֆեսորադասախոսական կազմի կրճատման մասին վաղաժամ է:

ԵՊՀ-ից նաև նշեցին, որ պրոֆեսորադասախոսական կազմի զանգվածային կրճատումներ նախատեսված չեն:

Իսկ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից տեղեկացրեցին՝ այս պահի դրությամբ որևէ կրճատում չկա։

Սերոբ Խաչատրյանը նշում է՝ այս պայմաններում կրթության որակի անկում կգրանցվի, շատերն անգամ չեն ցանկանա իրենց ուսումը շարունակել Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG