Մատչելիության հղումներ

Ֆրանսիա - Խորվաթիա խաղը ընդմիջած Pussy Riot-ի ակտիվիստներին մինչև 15 օրվա ազատազրկում է սպառնում


Կիրակի օրը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի 50-րդ րոպեին ռուսաստանյան ոստիկանական համազգեստով չորս քաղաքացի մտան խաղադաշտ և մի քանի րոպեով ընդհատեցին խաղը:

Սա Pussy Riot փանք խմբի հերթական բողոքի ակցիան էր, որով, ինչպես հայտարարում են ընդդիմադիր ակտիվիստները՝ պահանջում էին «քաղբանտարկյալների ազատ արձակում, սոցիալական ցանցերում գրառումների և հանրահավաքներին մասնակցության պատճառով հարուցված քրեական գործերի կարճում, ինչպես նաև քաղաքական կյանքում մրցակցության վերականգնում»:

Ակցիայից րոպեներ անց ցուցարարները խաղադաշտից բերման ենթարկվեցին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ կազմվեցին երկու հոդվածներով՝ մարզական միջոցառումների անցկացման ժամանակ կարգը խախտելու և տարբերանշաններով համազգեստի ապօրինի կրման համար:

Սկանդալային ակցիաներով հայտնի խմբի անդամներին սպառնում է մինչև 15 օրվա ազատազրկում և պաշտոնական մրցաշարերին այցելելու երկարաժամկետ արգելք:

Միջադեպից հետո թվիթերյան @nalog399 օգտատերը տեսանյութ է հրապարակել, որը ենթադրաբար նկարահանվել է ոստիկանական բաժանմունքում՝ ակցիայի մասնակիցներին հարցաքննելու ժամանակ:

«Ձեռնաշղթաները բերեք երկուսի համար: Այ անասուն, ո՞վ ես դու: Անուն, ազգանուն, հայրանուն: Խայտառակեցիք Ռուսաստանը հա՞»,- հարցնում է հարցաքննողը:

Հաջորդ հարցին, թե որտեղի՞ց են ակտիվիստները գտել ոստիկանական համազգեստ, ակցիայի մասնակիցներից Պյոտոր Վերզիլովը պատասխանում է՝ «վարձակալել ենք»:

«Վարձակալություն», - արձագանքում է ենթադրյալ ոստիկանը՝ շարունակելով․ - «Երբեմն ափսոսում եմ, որ հիմա 37 թվականը չէ»:

Չնայած անվտանգության ուժեղացված միջոցառումներին՝ Pussy Riot աղմկահարույց խմբի անդամների ակցիան տեղի է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Խորվաթիայի նախագահների ներկայությամբ: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է ակտիվիստներին հաջողվել մտնել խաղադաշտ՝ անցնելով բազմաթիվ անցակետեր:

«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով փանք խմբի անդամների ընկերների խոսքերը, նշում է, որ ակտիվիստների խաղադաշտ մտնելը նախապատրաստվել է շուրջ մեկ շաբաթ:

«Նախ ձեռք է բերվել երկրպագուի հատուկ քարտ՝ մարզադաշտ մտնելու համար: Ենթադրվում էր, որ զուգարանում հնարավոր կլինի փոխվել և հագնել ոստիկանական համազգեստ, և արդեն այդ հագուստով հնարավորինս մոտենալ խաղադաշտին: Պետր Վերզիլովը նույնիսկ հատուկ սանրվածք է արել, որպեսզի ոստիկանի նմանվի, իսկ աղջիկներից ոմանք կեղծամ են դրել՝ վառ գույնի մազերը թաքցնելու համար», - փոխանցում է «Կոմերսանտը»:

Սա Pussy Riot խմբի անդամների առաջին աղմկահարույց ակցիան չէ․ 2012-ին դատարանը խմբի անդամներից Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային երկուական տարվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի տաճարում հակապուտինյան ներկայացում` «փանք-պատարագ» մատուցելու համար: Դրանով ակտիվիստները բողոքում էին նախագահական ընտրություններում Պուտինին սատարելու՝ Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշման դեմ: Ակտիվիստները պնդում են որ «շարքային հավատացյալներին իրենց արարքով վիրավորելու մտադրություն չեն ունեցել և ակցիայի իմաստը միայն քաղաքական է եղել»։

Այսպիսով, ինչպես գրում է արևմտյան մամուլը, Pussy Riot խումբը Ռուսաստանում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: - «Նրանք աշխարհի ամենամեծ բեմում ցույց տվեցին ռուսաստանյան անարդար իշխանության դեմքը, որի հետ ամեն օր առնչվում է 145 միլիոն ռուսաստանցի», - գրել է New Yorker պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG