Մատչելիության հղումներ

«Կաթողիկոսի նկատմամբ բռնություն է կիրառվել»․ Տեր Վահրամ Մելիքյան


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Վայոց ձորում, 14-ը հուլիսի, 2018թ․

Ոստիկանությունը այս պահին ուսումնասիրում է Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը շաբաթ օրը տեղեկացրել էր, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Գնդեվանք ուխտի մեկնած Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի մեքենան։ - «Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում», - իր ֆեսյբուքյան էջում գրել էր տեր Վահրամը:

Ֆեյսբուքում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դուրս բերել շրջափակումից, մի պահ նրան շրջափակողներից մեկը նույնիսկ քաշում է Վեհափառի զգեստից: Ուշագրավ է, որ այդ պահին ներկա գնդապետը, ով թերևս այնտեղ էր Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու համար, հեռախոսով էր խոսում:

Տեղի ունեցածի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին պատասխանելիս տեղեկացրեց, որ հանձնարարել է ոստիկանությանը շատ ուշադիր ուսումնասիրել բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները և անհրաժեշտության դեպքում գնահատական տալ։ Ի դեպ՝ Փաշինյանը նաև շեշտեց, որ դժգոհ է այդ պահին ոստիկանների աշխատանքից՝ տեղեկացնելով․ - «Ոստիկանությանը հանձնարարել եմ շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, և շատ ուշադիր գնահատել՝ եթե Վեհափառ հայրապետի դեմ բողոքողների գործողություններում որևէ գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա: Վերջին տեսանյութերը՝ կապված Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակի հետ, անկեղծ ասած, ես ոստիկանության գործողություններից այնքան էլ գոհ չեմ, թե նրանք ընդհանրապես ինչ էին անում, ինչ իրավիճակում էին և ինչ գործողություններ էին իրականացնում»:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին ոչ միայն ուսումնասիրվում է հիշյալ միջադեպը, այլև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ քննություն է ընթանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: - «Նշված միջադեպով ուսումնասիրություն կատարվել է, բացի այդ՝ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, որն ընթացքի մեջ է», - ասաց Ահարոնյանը:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում, իր համոզմամբ՝ ներեկեղեցական հարց է, որին կառավարությունը չպետք է միջամտի: Նա ասաց, որ նման եզրահանգման է եկել ի պաշտպանություն Վեհափառի հանդես եկող մի շարք հոգևորականների հայտարարությունները լսելով, ովքեր իբրև թե պաշտպանում են Գարեգին երկրորդին, սակայն իրականում «կրակի վրա յուղ են լցնում»:

Վարչապետը հոգևորականներին կոչ արեց հավաքվել և քննարկել իրենց խնդիրները, այլապես գործադիր իշխանությունը ստիպված կլինի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը:

«Տեղի ունեցողի բովանդակությունը առայժմ ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ մենք էստեղ ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք: Առայժմ դա դուրս չի եկել եկեղեցու սահմաններից, իմ տպավորությամբ, և չի դարձել հանրային հարց, որպեսզի կառավարությունը որևէ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն ունենա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կոչ եմ անում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասին՝ հավաքվել և քննարկել իրենց խնդիրները և էսպես մեզ բոլորիս իրավիճակների առաջ չկանգնեցնել: Եթե էդպես շարունակվի, մենք արդեն ստիպված կլինենք ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, և եթե էդպես լինի, մենք մի իքս պահի պիտի ստիպված լինենք, այնուամենայնիվ, էդ հարցերին շատ կոնկրետ պատասխան տալ՝ շատ կոնկրետ լուծումներով: Բայց ես էլի եմ ասում՝ չեմ կարծում, թե հիմա այդպիսի իրավիճակ է», - ասաց վարչապետը:

Վեհափառի հետ այսօր զրուցել չհաջողվեց, փոխարենը՝ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բռնության է ենթարկվել: Բացի նրանից, որ Վեհափառի դեմ պայքարող անձինք Գնդևանի վանքի մոտ շրջափակել են նրա մեքենան՝ զրկելով նրան ազատ տեղաշարժվելու իրավունքից, Հայր Կորյունը նաև սպառնացել է Կաթողիկոսին փակել Գնդևանքում, Գարեգին 2֊ին նաև քաշքշել են: Տեր Վահրամը շեշտեց՝ այդ իրավիճակում իրավապահնեըը պետք է բոլորովին այլ գործողություններ իրականցնեին: - «Ես կարծում եմ, որ այդտեղ այլ գործողություններ ևս պետք է կատարվեին և Վեհափառ Հայրապետը չպիտի հայտնվեր նման իրավիճակում», - կարծիք հայտնեց նա: - «Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսին սկսում են քաշքշել, արգելափակել նրա տեղաշարքը, ապա այո՛, դա բռնություն է»:

Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը չցանկացավ արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տեղի ունեցողը ներեկեղեցական խնդիր է և հոգևորականները այն պետք է լուծեն քննարկումների արդյունքում: Տեր Վահրամն ասաց՝ եթե անհրաժեշտություն լինի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արձագանք կլինի: Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի հնարավորությանը, ապա ըստ Տեր Վահրամի, այդ մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հայ եկեղեցուն առնչվող հարցերը չեն լուծվում փողոցում: Կան համապատասխան եկեղեցական հարթակներ, որտեղ և՛ աշխարհականները, և՛ հոգևորականները միասնաբար են լուծում խնդիրները՝ քննարկումների ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG