Մատչելիության հղումներ

Հեղափոխությունը դեռ չի հասել Լոռի․ վերլուծաբան


Արխիվ ֊֊ Հանրապետական կուսակցության դեմ բողոքի ցույց Վանաձորում, 28֊ը ապրիլի, 2018թ․

Վանաձորի «անկախ վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Աղաբեկյանը նկատում է, որ հեղափոխությունից հետո Լոռիում դեռևս էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

«Չենք կարող ասել, որ հեղափոխությունը Լոռի է հասել, քանի դեռ բողոք, խնդրանք կամ սպասելիք ունեցող լոռեցին հույս է կապում ոչ թե տեղի իշխանության, այլ միայն Նիկոլ Փաշինյանի հետ», ֊ ասում է վերլուծաբանը։

«Փոխանակ քաղաքապետին, մարզպետին կամ ինչ-որ ոլորտի ղեկավարի նամակ գրելու, նամակ են գրում Նիկոլ Փաշինյանին։ Դա երկու բան կարող է նշանակել. մեկը վատ աշխատանքի կազմակերպվածության արդյունք, որ ասենք, ինչի՞ պետք ա ամբողջ երկրում մի հոգի աշխատի, և երկրորդ, որ մյուս ոլորտների ղեկավարները, մարզերի ղեկավարները դեռևս չեն վայելում ժողովրդի վստահությունը», ֊ մեկնաբանում է նա:

Միևնույն ժամանակ Կարեն Աղաբեկյանը քննադատում է մոտեցումը, որ յուրաքանչյուր ղեկավար ձգտում է իր թիմը ձևավորելով՝ հրաժարվել նախկին ենթականերից։ Կարեն Աղաբեկյանը շեշտում է, որ ոչ թե անձերի, այլ գաղափարների, ռազմավարության ու կառավարման նոր մեթոդների փոփոխություն է անհրաժեշտ․ ֊ «Ի՞նչ ա նշանակում՝ ես բերում եմ իմ վստահելի մարդուն։ Դա նախկինում են բերել, որպեսզի նրանց հետ կոռուպցիոն սխեմաներով աշխատեն։ Իսկ եթե դուք ուզում եք մաքուր աշխատեք, դուք պարտավոր եք վստահեք ցանկացած աշխատողի և կարողանաք գնահատել էդ մարդու աշխատանքը»։

Լոռու մարզպետի փոփոխությունից հետո մարզպետարանում հրաժարական տվեցին միայն տեղակալները, օգնականները, խորհրդականներից մեկն ու կրթության վարչության պետը։ Առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը, որ պաշտոնավարում է արդեն 10 տարի, մարզպետի նշանակումից հետո «Ազատությանն» ասել էր, թե ինքը քաղծառայող է և չի պատրաստվում հրաժարական տալ։

«Իմ հիմնական զբաղմունքը այստեղ պրոֆեսիոնալ աշխատանքն ա։ Ես համարվում եմ քաղաքացիական ծառայող։ Կատարում եմ բոլոր այն հրահանգները, որոնք ստանում եմ վերադաս գերատեսչական մարմիններից։ Ինչ պայմաններ, որ կներկայացնի նոր մարզպետը, նման աշխատելաոճով կսկսենք աշխատել», ֊ ասում է Լաբարյանը:

Մինչդեռ վանաձորցի Կարեն Սարգսյանը, որ դեռ 2000-ականներից եղել է Նիկոլ Փաշինյանի թիմակիցը «Իմպիչմենտ» դաշինքում և «Արմատ» կենտրոնում, նշում է՝ մարզում հեղափոխությանը համընթաց քայլեր անելու համար անհրաժեշտ են էական կադրային փոփոխություններ՝ չմասնավորեցնելով, թե հատկապես ո՞ր ոլորտները նկատի ունի։

«Բոլոր էն մարդիկ, ում անունը շաղկապված ա կոռուպցիայի կամ հանցագործությունների հետ, պարզապես պետք է հեռանան։ Ես չեմ կարում ընկալեմ պուպուշ-պուպուշ զրույցներ, որ չի կարելի ազատել, ո՞նց չի կարելի՝ քաղաքական իրադրություն ա փոխվել, նոր մոտեցումներ ա, նոր պետական ծրագրեր ա։ Երկու օր առաջ քննարկում էինք նման մի խնդիր, որ ինչ-որ մարդիկ նախկինում պաշտոնի նշանակվելու համար ինչ-որ գումար են տվել և այլն, և այլն, ու հիմա էդ մարդիկ մտածում են՝ էդ գումարը ոնց են հանելու, դուրս գան աշխատանքից, թողնեն գնան, թե ինչ անեն։ Այսինքն, մարդու ուղեղում փող վերցնել, կաշառք վերցնել, տալ, և այլն։ Էդ մարդը հմի կարա՞ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներով աշխատի, ես չեմ հասկանում»։

Վանաձորցի մանկավարժ Արշալույս Զուրաբյանն ավելացնում է․ ֊ «Ընդունել են նախարար, էդ նախարարին պատիվ են տվել, չգիտեմ՝ էլ ինչ են տվել, իրար հետ կոռուպցիոն տարբեր գործարքներ ունեցած կլինեն։ Չենք վստահում, բնակչությունը չի վստահում»։

Վանաձորցի մանկավարժը նաև նշում է, որ Լոռու մարզում դեռ հասարակության մեջ առկա վախերը լիովին վերացված չեն։ Դեռևս մարդիկ իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու, քննադատությունը բարձրաձայնելու խոչընդոտներ ունեն․ ֊ «Հոգեբանական առումով դեռ բավականին ճանապարհ ունենք անցնելու, որովհետև էն, չգիտեմ ֆեոդալիզմի լուծ ասեմ, թե ստրկության լուծ ասեմ, ինքը բավականին խորն ա մարդկանց պատկերացումների վրա, դա բավականին շատ ա կաշկանդում մարդկանց գործողությունները։ Ըտեղ միանշանակ նաև վախեր կան՝ հնարավո՞ր ա նախորդ ռեժիմը վերադառնա»։

Կարեն Սարգսյանն էլ շեշտում է, թե հստակ տեղեկություններ ունի՝ Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները հանդիպումներ են ունեցել Վանաձորի պետական հիմնարկներում և վստահեցրել, թե «Հանրապետականի համար ամեն ինչ կորած չէ»։

«Անգամ անցած օրը ինձ են ասել՝ դու դեռ սպասի, տես ինչ ա լինելու։ Հոգեբանորեն ազդում են», ֊ մեկնաբանում է նա:

«Ազատության» զրուցակիցները կարևորում են քաղաքացու մտածողության փոփոխությունը, որով կստիպեն տեղի իշխանավորներին՝ մերժել կառավարման նախկին մոտեցումները։ Արշալույս Զուրաբյանն ասում է․ ֊ «Այսինքն, տեղական էս ֆեոդալները դեռ չեն հասկանում՝ ինչ ա կատարվում, դրսում տեղի ա ունեցել փոփոխություն։ Մենք պետք ա բզենք, հասկացնենք, որ տերը մենք ենք, դուք աշխատող եք, եթե լավ չաշխատեք, պետք ա ըտեղ չաշխատեք։ Էս գիտակցությունը մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա։ Սա հերոսություն չի, սա նվազագույնն ա, որ պետք ա մենք ունենանք՝ քաղաքացիություն ուղղակի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG