«Վարչապետ Մեյը և ես այստեղ ենք եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որն իսկապես արդյունավետ էր: Իմ առաջնահերթությունն էր համոզել ՆԱՏՕ-ի մնացած անդամներին ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը և արդար ձևով կրել այդ բեռը», - ասել է Թրամփը:
Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են առաջիկա ժամանակահատվածում հատկացումները հասցնել իրենց ՀՆԱ-ների 2 տոկոսին: Ընդ որում, Թրամփը ենթադրում է, որ ապագայում ցուցանիշը հարկ է հասցնել 4 տոկոսի:
Նա ասել է, որ Բրեքզիթը շատ բարդ գործընթաց է, բայց համոզմունք է հայտնել, որ Թերեզա Մեյը կկարողանա «ճիշտ և հմուտ բանակցել այդ հարցում»:
«Հզոր և անկախ Միացյալ Թագավորությունն ու հզոր և անկախ Միացյալ Նահանգները հիրավի օրհնություն է աշխարհի համար», - ասել է Թրամփը:
Երկուշաբթի օրը Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին Թրամփն ասել է, որ գնում է Հելսինկի շատ վստահ և հզորացած, ինչը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է ապահովել:
«Որպես դաշինք մենք դուրս եկանք գագաթնաժողովից ավելի միավորված և հարուստ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Պուտինի հետ քննարկելու է տարբեր հարցեր՝ Սիրիա, Ուկրաինա, միջուկային սպառազեն․ - «Մենք շատ բան ենք անում միջուկային զինանոցն արդիականացնելու համար, ռուսները նույնպես: Մենք ամենահզորն ենք, ռուսները երկրորդն են, երևի, չինացիները՝ երրորդը: Եվ դա շատ վատ է այն առումով, որ միջուկային զենքը ահավոր, ավերիչ տեխնոլոգիա է: Շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք համաձայնության հասնել և սկսենք կրճատել այդ սպառազենը»:
Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի նաև ռուսների միջամտությանն ամերիկյան ընտրություններին:
«Շատ լավ կլինի, եթե հաջողվի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և այլ երկրների հետ», - ասել է նա:
Ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահը խոսել է նաև ներգաղթի մասին: Ընդունելով, որ ասելիքը գուցեև քաղաքական պարկեշտության առումով լավ չի հնչում՝ նա ասել է, որ միևնույն է գերադասում է բաց և ազնիվ ներկայացնել իր տեսակետը․ - «Կարծում եմ, սա շատ վատ է Եվրոպայի համար: Տեսեք, ինչ բաներ են կատարվում՝ ահաբեկչություններ, այնպիսի բաներ, որ նախկինում չես էլ պատկերացրել: Իմիգրացիան աղավաղում է մշակութային պատկերը»:
Նա հայտարարել է, թե Ամերիկայում միգրացիոն օրենքները խայտառակ օրենքներ են:
«Ես դա օրենք էլ չեմ անվանում: Մարդը կարող է մի ոտքը դնել մեր գետնի վտա և դրանով ապահովել 5 տարի տևողության դատական պրոցես», - ասել է Թրամփը՝ ակնարկելով այն օրենքները, որոնք ներգաղթյալին ընձեռում են ԱՄՆ-ում մնալը երկարաձգելու իրավական հնարավորություններ:
Միացյալ Նահանգների նախագահը խոսել է Եվրամիության հետ առևտրի մասին՝ ասելով, որ այն շատ անարդար է իրագործվում, և հավելելով, թե «դրա վերջը կգա»․ - «Եվրոպացիները մյուս շաբաթ մեկնում են ԱՄՆ՝ բանակցելու: Այդ կանոնները պետք է փոխվեն: Եթե չփոխվեն, եվրոպացիները շատ մեծ գին կվճարեն»:
Վերջում խոսելով Ռուսաստանից Գերմանիա գազատարի երկրորդ գիծն անցկացնելու ծրագրի մասին, նա ասել, թե դա «պարզապես ողբերգական սխալ է»․ - «Ահավոր սխալ է, որ դու մրցակցին տալիս ես քեզ գազով ապահովելու մենաշնորհի իրավունքը և կորցնում ես անկախությունդ»:
Թրամփի այցի օրը Լոնդոնում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր: