Մատչելիության հղումներ

Ահաբեկչության մեղադրանքով դատապարտված Օլեգ Սենցովի մայրը որդուն ներում շնորհելու խնդրանքով դիմել է Պուտինին


Պրահայում ՌԴ դեսպանատան առջև ցուցարարները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին, արխիվ
Պրահայում ՌԴ դեսպանատան առջև ցուցարարները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին, արխիվ

Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի մայրը` Լյուդմիլա Սենցովան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ներում շնորհել որդուն, ով մայիսի 14-ից հացադուլի մեջ է: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Այսօր Օլեգ Սենցովի ծննդյան տարեդարձն է, նա դարձավ 42 տարեկան:

Սենցովի մայրը Պուտինին հասցեագրած իր նամակում գրել է․ «Չեմ ուզում ձեզ համոզել, որ որդիս անմեղ է, չնայած ինքս դրանում կասկած չունեմ: Միայն կասեմ, որ Օլեգը ոչ մեկին չի սպանել և արդեն չորս տարի է՝ անազատության մեջ է: Տանը նրան սպասում են նրա երեխաները, այդ թվում՝ աուտիզմով տառապող կրտսեր որդին: Երեխաները երբեք երջանիկ չեն լինի առանց իրենց հոր»:

Կրեմլից այսօր հայտնել էն, որ կքննարկեն Սենցովի մոր դիմումը: «Այդ դիմումն անպայման կքննարկվի, առանց ուշադրության այն հաստատ չենք թողնի»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինքը՝ ուկրաինացի ռեժիսորը բազմիցս հայատարարել է, որ համաներման խնդրանքով երբեք չի դիմի Պուտինին: Արդեն շուրջ չորս տարի անազատության մեջ գտնվող Սենցովին ազատ արձակելու պահանջով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար ակցիաներ են կազմակերպվում:

Ռեժիսորին ազատ արձակելու խնդրանքով Ռուսաստանի նախագահին էր դիմել անգամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Կրեմլի մամուլի ծառայությունն, ի պատասխան, հայտարարել է՝ Յագլանդի խնդրանքը չի կարող ինչ-որ գործողությունների համար հիմք հանդիսանալ:

Պուտինին բաց նամակով դիմել էին նաև ռուսաստանցի ճանաչված մտավորականններ: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է՝ ներում շնորհելու համար անհարեժշտ է, որ Պուտինին անձամբ դիմի ինքը՝ Օլեգ Սենցովը։ Վերջինս, սակայն, ոչ միայն չի պատրաստվում այդ հարցով դիմել ՌԴ նախագահին , այլև հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել բոլոր «ուկրաինացի քաղբանտարկյալներին», որոնք Ռուսաստանում դատապատվել են տարբեր քրեական մեղադրանքներով։

Հայտնի փաստաբան Իլյա Նովիկովն ասում է, որ Ռուսաստանի Սահմանադրության համաձայն՝ դատապարտյալին ներում շնորհելու համար պարտադիր չէ նրա անձնական դիմումը: «Նախագահը ցանկացած պահի, առանց Սենցովի դիմումի, կարող է նրան ներում շնորհել: Համենայն դեպս՝ այդպես է գրված Ռուսաստանի մայր օրենքում»,- ասել է փաստաբանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:

Սենցովը հացադուլի մեջ է արդեն 61 օր: Նրան պարտադիր բժշկական սնուցում են տալիս: Ռեժիսորի հարազատներն ու աջակցիները լրջորեն անհանգստացած են նրա առողջական վիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG