Մինչ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկում են Ռուսաստանից բխող ագրեսիայի խնդիրը, իսկ Հելսինկիում պատրաստվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների՝ լրագրողների բնորոշմամբ՝ պատմական հանդիպմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել արևմտյան երկրներում արտադրված ապրանքների նկատմամբ սահմանված էմբարգոյի ժամկետը:
2014 թվականին Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում սկսված ռազմական գործողությունների պատճառով մի շարք արևմտյան երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ անդամ պետություններ, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան) պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ: Ի պատասխան՝ Կրեմլն այդ երկրների հանդեպ պատասխան պատժամիջոցներ սահմանեց:
Հիշեցնենք՝ նախորդ ամիս էլ Ռուսաստանում այսպես կոչված՝ ոչ բարեկամական քայլերի դեմ ուղղված օրենք էր ընդունվել, որը երկրի կառավարությանը թույլ է տալիս պատասխան պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք «ոչ բարեկամական քաղաքականություն են իրականացնում» Ռուսաստանի հանդեպ:
Այդ փաստաթուղթը, մինչ օրենքի վերածվելը, ՌԴ-ում մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ այնպիսի դեղամիջոցների ներկրման արգելք էր նախատեսում, որոնք արտադրվում են բացառապես արևմտյան երկրներում, և դրանցից հրաժարվելը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ հիվանդ ռուսաստանցիների համար: Ավելի ուշ այդ կետն օրինագծից հանվեց:
Ռուսաստանյան խանութներից արդեն մի քանի տարի է բացակայում է արևմտյան արտադրության պանիրը, իսկ դաշնային հեռուստաընկերությունները պարբերաբար ցուցադրում են պատժամիջոցների ցանկում հայտնված մթերքների ոչնչացման մասին ռեպորտաժներ: