Մատչելիության հղումներ

Խորվաթական հեքիաթը շարունակվում է, մեծ տոնախմբություն Զագրեբում


Զագրեբ, 11-ը հուլիսի, 2018 թ.
Զագրեբ, 11-ը հուլիսի, 2018 թ.

Երեկ Խոլվաթիայի ազգային հավաքականը 2:1 հաշվող հաղթեց Անգլիայի ընտրանուն և դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: ֆուտբոլային պատմության մեջ Խորվաթիան առաջին անգամ է նման հաջողության հասնում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հուլիսի 15-ին Խորվաթիայի թիմը կմրցի չեմպիոնի մյուս հավակնորդի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ: Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում Խորվաթիայի հավաքականը 20-րդ տեղում է:

Խորվաթիա-Անգլիա խաղը ծանր սկսվեց խորվաթների համար: Խաղասկզբին՝ հենց 5-րդ րոպեին Կիրան Թրիպիեն տուգանայինից հուժկու հարվածով գրավեց խորվաթների դարպասը: Առաջին խաղակեսում անգլիացիներն առավելություն ունեին և մի շարք ցուցանիշներով գերազանցում էին մրցակցին: Սակայն երկրորդ խաղակեսում խորվաթները, կամային հատկություններ ցուցաբերելով, կարողացան հավասարեցնել խաղը, իսկ 68-րդ րոպեին հավասարեցրին նաև հաշիվը՝ մոտ տարածությունից գոլ խփեց Իվան Պերիշիչը: Ավելացված ժամանակում՝ 109-րդ րոպեին, Մարիո Մանջուկիչը խփեց խորվաթների հաղթական գոլը:

Գրեթե ողջ Խորվաթիան անցած գիշեր չի քնել: Մայրաքաղաք Զագրեբի հրապարակներում տեղադրված մեծ էկրաններով խաղին հետևող հազարավոր մարդիկ տոնում էին ազգային հավաքականի հաղթանակը: Բոլորովին այլ տրամադրություններ էին իշխում Լոնդոնի «Հայդ պարկում» հավաքված հազարավոր բրիտանացի ֆաների շրջանում: Սկզբնապես ուրախացած ֆուտբոլասերերն այնտեղից հեռացան խիստ հիասթափված:

Հանդիպումից հետո երկու թիմերի մարզիչները հանդես են եկել մամլո ասուլիսներով: Խորվաթիայի հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչն ասել է, թե իր ղեկավարած թիմի խաղացողները բնավորություն ցույց տվեցին: «Ես չեմ կարող նրանց ֆուտոբոլ խաղալ սովորեցնել, նրանք ֆանտաստիկ են խաղում»,- հավելել է խորվաթների մարզիչը, ընդգծելով՝ թիմը շատ լավ է պատրաստված նաև հոգեբանորեն: «Մենք երբեք չհանձնվող, հպարատ ու բնավորություն ունեցող ժողովուրդ ենք»,- խաղից հետո ասել է խորվաթների մարզիչը:

Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե այդ պահին իրենք զգում են պարտության ցավը: Նրա խոսքով, սակայն, համեմատած երկու տարի առաջվա թիմի հետ, հավաքականն, այնուամենայնիվ, զգալի առաջընթաց է ապրել:

ֆուտոբոլի աշխարհի առջանության ավարտին երկու հանդիպում է մնացել՝ հուլիսի14-ին 3-րդ տեղի համար կմրցեն Անգլիայի և Բելգիայի հավաքականները, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին կկայանա Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG