Մատչելիության հղումներ

Դոնալդ Տուսկ․ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և շատ եվրոպական


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջից

Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունն ու պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ:

Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին, և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար», - ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG