Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը «երևի թե թեկնածու չի առաջադրի»


Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյան

Թե ով կփոխարինի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հնարավոր է պարզ դառնա 4 օրից։ Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակել հուլիսի 16-ին, ժամը 11-ին։

Առաջարկը Հանրապետական խմբակցությանն էր, որն անցավ ձայների գերակշիռ մեծամասնությամբ:

Ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվում է «Երևանի մասին» օրենքի պահանջով։ Ինչպես սահմանում է իրավական ակտը, քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ ու նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Այս պարագայում թեկնածուներն առաջադրում են խմբակցությունները, և քաղաքապետին ընտրում է ավագանին։

Երկուշաբթի օրվա դրությամբ թեկնածու առաջադրելու մասին առայժմ հայտարարել է միայն «Երկիր Ծիրանին», իսկ «Ելքի»-ց ասում են, դա հարցը դեռ պիտի քննարկեն։ Ավագանու երկու ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, չեն շտապում որևէ մեկի անուն տալ։

Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)․ - «Մենք ունենք մեր թեկնածուն և որպես քաղաքական ուժ մեր մասնակցությունը ցուցաբերելու ենք: Ես կարծում եմ, մենք որոշում կկայացնենք, և դուք այս որոշմանը ծանոթ կլինեք»:

Դավիթ Խաժակյան («Ելք»)․ - «Մենք արդեն ասել ենք, որ այդ քննարկումը պետք է իրականացնենք, և այդ քննարկումը պետք է լինի 30 տարին լրացած անձանց շրջանակներում»:

Կրկին ունենալ Հանրապետական քաղաքապետ ու պահել իշխանությո՞ւնը, թե՞ սատարել ընդդիմադիր գործընկերներին․ այս հարցերում ավագանու մեծամասնությունը դեռ որոշում չունի։

Հանրապետական խմբակցության 45 անդամներից մի քանիսն այսօր պնդեցին, որ դեռ չեն հավաքվել ու չեն քննարկել իրենց հետագա անելիքը։

Խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը, մինչդեռ, կարծում է, որ իրենք թեկնածու չեն առաջադրի․ - «Մենք կողմ ենք շուտ քվեարկությանը, քաղաքապետի շուտ ընտրությանը: Դեռ չունենք թեկնածու, այդ հարցը չի քննարկվել, բայց կարծում եմ, երևի թե չէ: Երևի չի լինի: Բայց դա իմ կարծիքն է: Խմբակցության նիստ կանենք, կերևա»:

Ավագանու հանրապետական անդամներից նաեւ հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչու հրաժարական տվեց Տարոն Մարգարյանը։ Մարգարյանի թիմակիցները, սակայն, այս հարցին անորոշ պատասխան տվեցին։

Լևոն Իգիթյանը նույնիսկ պնդեց՝ լրագրողներից է լսում, որ քաղաքապետը հարժարական է տվել․ - «Երբ որ պաշտոնապես կհայտարարվի, էն վախտ էդ հարցին կպատասխանեմ․․․ Չգիտեի»:

Եթե հուլիսի 16-ին կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված մեկ թեկնածուն չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունն օրենքով կարող է ցրել գործող ավագանին:

Այսօր ըստ էության գլխավոր քննարկման թեման հենց ավագանու արտահերթ ընտրություններին էին։ «Ելք» խմբակցություն հենց այս համատեքստում առաջարկում էր, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակվեն օգոստոսի 8-ին։ Սա, ըստ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, հնարավորություն կտար ժամանակ շահել ու աշնանը անցկացնել քարոզարշավը՝ եթե առաջին փուլով ավագանին քաղաքապետ չընտրի։

Իսկ հուլիսի 16-ը ընտրելը, Խաժակյանի խոսքով, անհարմարություն է ստեղծելու կուսակցությունների համար, քանի այդ դեպքում քարոզարշավն անցկացվելու է օգոստոսին․ - «Ես վստահեցնում եմ, որ դրա մասին տեղյակ է պահվել Կամո Արեյանին: Խոսակցություն եղել է, և այն մտավախությունը, որ կա, մենք ևս հնչեցրել ենք: Որ ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից չափազանց բարդ է: Օգոստոս ամսին իրականացնել քարոզարշավ, հանձնաժողովներ կազմավորել․․․ ի վերջո քաղաքական ուժերին ժամանակ տալ պարտաստվելու: Փաստորեն մի այսպիսի որոշմամբ այս ամենը խաթարվում է»:

Նշեմ, որ Հանրապետական խմբակցության անդամները, նաեւ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ըստ էության չհակադարձեցին Դավիթ Խաժակյանին և ուղիղ տեսքստով չբացառեցին ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG