Մատչելիության հղումներ

Փորձագետները դրական են գնահատում Փաշինյանի բրյուսելյան հայտարարությունները, Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Արևմուտքին հղած շատ կարևոր ուղերձ է» գնահատում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է:

Փաշինյանն այդ հայտարարությունն արել է այսօր՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, շեշտելով՝ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետ: Իսկ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ էլ նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, և որ տարածաշրջանում իրավիճակը սրելու, պատերազմ սկսելու ցանկացած փորձ զորեղ հակազդեցության կարժանանա:

«Ինքն ասում է, որ մենք կառուցողական ենք, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց, իսկ այնտեղից լսում ենք միայն ագրեսիվ հայտարարություններ»,- ասում է Գրիգորյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Փաշինյանի այսօրվա հայտարարությունը բրյուսելյան օրակարգի կարևորագույն շեշտադրումներից մեկն է համարում: «Նախ այս ասպեկտն էր, որ առաջին պատերազմում ապահովեց հայկական կողմի միջազգային լեգիտիմությունը: Այս տեսանկյունից Հայաստանի վերադառնալն այդ առանցքային քաղաքակրթական ասպեկտին շատ կարևոր է: Բացի այդ, Հայաստանը հիմա ունի ծանրակշիռ հիմք՝ այդ մասին խոսելու․ Հայաստանը գործնականում ցույց է տվել, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է»,- «Ազատության» հետ զրույցույմ ասաց Հակոբ Բադալյանը:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ու նոր կառավարության ձևավորումից հետո երեկ առաջին անգամ Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ներկա էին նաև Մինսկի խմբի համանախագահները: «Արտգործնախարարների հանդիպումը տևել է մոտ 4 ժամ»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության լրատվության ծառայության ղեկավար Հիքմեդ Հաջիևը: Ադրբեջանցի պաշտոնյայի ձևակերպմամբ՝ կողմերն ընդգծել են ներկայիս ձևաչափով բանակցությունների շարունակականության անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին գերատեսչության լրատվության վարչությունն էլ տեղեկացրել է՝ հանդիպումը ճանաչողական էր, նպատակը միմյանց տեսակետներին ծանոթանալն էր:

«Բանակցային գործընթացն այլընտրանք չունի»,- ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում շեշտել է արտգործնախարար Մնացականյանն ու կարևորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, փոխվստահության ամրապնդումը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը։

Եվս մեկ շեշտադրում, որն արել է Հայաստանի արտգործնախարարը․ «Հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար»:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնեմ, ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց նաև կարծիք էր հայտնել, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության կողմերից մեկը՝ ԼՂ ղեկավարությունը:

Հակոբ Բադալյանը կարծում է, որ իր ձևակերպման տողատակում արտգործնախարար Մնացականյանը հենց բանակցություններին ԼՂ-ի մասնակցությունն է նկատի ունեցել․ «Նվազագույն անհրաժեշտ շեշտադրումները, կարծում եմ, արվում են՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ Վիեննայի [գագաթնաժողովի] օրակարգն, ինքնին, անուղղակիորեն ենթադրում է Արցախի սուբյեկտության ճանաչում»:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում առաջիկայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման շուրջ համաձայնության մասին: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա:

Մինչև վստահության մթնոլորտ չձևավորվի, Փաշինյանն ու Ալիևը խոսելու բան չունեն, կարծում են քաղաքագետները: «Ինչի մասին պետք է խոսեն, երբ մի կողմն անընդհատ մկաններ է ցույց տալիս, հայտարարելով ընդհուպ Երևանի հանդեպ հավակնությունների մասին», - ասում է Հակոբ Բադալյանը:

Ստեփան Գրիգորյանն էլ նշում է․ «Այն, որ նրանք չեն պայմանավորվել Ալիև-Փաշինյան հանդիպման շուրջ, դա բնական է, քանի որ հայկական կողմը նաև այս անգամ ասաց, որ վստահության մթնոլորտ պետք է ստեղծել, հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչի համար է այդ հանդիպումը»:

«Հայաստանի նախկին իշխանությունների օրոք իրենք այդ հանդիպումներն ավելի շատ օգտագործում էին [գործընթացը] ձգձգելու համար: Հայաստանի նոր իշխանություններն ավելի կառուցողական են և իրոք ուզում են, որ մի բան ստացվի: Եթե անիմաստ է այդ հանդիպումը, ի՞նչ կարիք կա հիմա պայմանավորվել: Այս հստակ դիրքորոշումը, իմ կարծիքով, ավելի կարևոր է: Նման անհաջող հանդիպումներն էին նաև պատճառը, որ բերում էին իրավիճակի սրմանը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը, հավելելով՝ հուսով է, որ ԵՄ ղեկավարների հետ Փաշինյանի հանդիպումները Ալիևի և Մամեդյարովի համար պարզ դարձրին, որ Հայաստանն ունի բարձր վարկանիշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG