Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը հույս ունի, որ Ամուլսարի հանքի բնապահպանական աուդիտը կիրականացվի օրենքի տառին համապատասխան


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Միացյալ նահանգների կառավարությունը հույս է հայտնում, որ Հայաստանի ոսկու մեծ հանքավայրում, որի կառուցման աշխատանքներն իրականացնում է ամերիկյան ընկերությունը, բնապահպանական փորձաքննությունը կիրականացվի բացառապես օրենքի շրջանակներում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ «Ազատությանը» ներկայացրած պարզաբանման մեջ նշված է․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու լավ վարձատրվող աշխատատեղերն ավելացնելու հնարավորություն է, սակայն միայն այն պարագայում, երբ հանքարդյունահանումն իրականացվում է բնապահպանական ամենաբարձր միջազգային ստանդարտների ապահովմամբ:

Հենց սրանով էր պայմանավորված այն, որ ԱՄՆ դեսպանությունը ողջունեց հետաքրքրությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ «Լիդիան Ինթերնեշընլ» ընկերության կողմից. մի ընկերություն, որն աշխարհի տարբեր վայրերում հանքարդյունահանման այնպիսի ծրագրեր է իրականացնում, որոնք պետք է համապատասխանեն միջազգային բնապահպանական ստանդարտներին: Միացյալ Նահանգները նաև աջակցեց Հայաստանին դառնալ հանքարդյունահանման ոլորտում պատշաճ կառավարման գլոբալ ստանդարտները սահմանող կառույցի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու երկիր, որպեսզի երկրում ամրապնդվի հանքարդյունահանման մասով կանոնակարգիչ վերահսկողությունն ու ոլորտի թափանցիկությունը:

Վարչապետը փաստել է, որ կառավարությունը Հայաստանում գործող բոլոր հանքերից պահանջում է գործել միջազգային բնապահպանական ստանդարտների ապահովմամբ, և մենք աջակցում ենք այս ջանքերին: Գոհունակությամբ ուզում եմ փաստել կառավարության կողմից Ամուլսարի ծրագրի բնապահպանական աուդիտի անցկացումը, ինչն իրականացվում է ի պատասխան այն մտահոգությունների, որ հնչում են բնապահպանական ազդեցության ու նման ծրագրերի համար կիրառվող ստանդարտ պրակտիկայի մասով: Հուսով ենք, որ սա կիրականացվի օրենքի խստիվ ապահովմամբ՝ ներգրավելով պրոֆեսիոնալ և անկողմնակալ փորձագետների: Մենք նաև ակնկալում ենք, որ աուդիտները միակողմանիորեն կտարածվեն հանքարդյունաբերության ողջ ոլորտում»:

Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ հունիսի 23-ից փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:

Ակնկալվում էր, որ այս տարի պետք է մեկնարկեր Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից և վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:

Անցած շաբաթ Կապանում անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր իշխանության օրոք հանքերը շահագործվելու են Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG