Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 29 երկրների նախագահները, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Այսօր ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Արդեն սկսվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ղեկավարների հանդիպումը, այն երկրների, որոնք խաղաղապահներ են ուղարկել Աֆղանստան՝ այդ երկրի հետպատերազմյան իրավիճակը շտկելու և կայունություն ապահովելու համար: Այս իմաստով Հայաստանի խաղաղապահները բավականին լուրջ ներդրում ունեն Աֆղանստանում, մի քանի անգամ արժանացել են շատ բարձր գնահատականի ՆԱՏՕ-ի անդամ երկրների և ՆԱՏՕ-ի ղեկավարի կողմից:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Ինչպես Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էր ասում, եվրոպական ղեկավարները ջերմորեն են ընդունելու Նիկոլ Փաշինյանին և նրանք պատրաստակամություն են հայտնելու աջակցել Հայաստանին:

Եվրախորհրդարանն անցած շաբաթ արդեն քննարկել էր Հայաստանին օգնելու հարցը, և այնտեղ բավական ջերմ ելույթներ եղան, եվրոպական երկրների պատգամավորներից շատերը պարզապես հորդորում էին եվրոպական երկրներին որքան հնարավոր է շուտ ֆինանսական, տնտեսական աջակցություն ցույց տալ Հայաստանի երիտասարդ իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց բարեփոխումները:

Բրյուսելում այսօր շատ կարևոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Եթե հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվի երկու երկրների ղեկավարների հանդիպման շուրջ, դա կնշանակի, որ բանակցություններում կարող է առաջընթաց արձանագրվել:

«Ազատության» հետ զրույցում ռուս հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, ով այնքան էլ լավատես չէ ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի հարցում, ասաց․ - «Կարծում եմ, բարդ է որևէ առաջընթաց ակնկալել, բայց կարելի է հույս ունենալ, որ գոնե ստատուս քվոն կպահպանվի: 1994 թվականին ղարաբաղյան ներկայացուցչական խումբը բանակցային սեղանի մոտ որոշակի փոքր ներկայություն ուներ, և այդ ժամանակ ձեռք էր բերվում համաձայնությունը հրադադարի մասին: Այնպես որ, այստեղ ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին իհարկե նորություն չէ: Սակայն մյուս կողմից, հաշվի առնելով այն Ադրբեջանը, որ այսօր կա, չեմ կարծում, թե նրանցից կարելի է այդպիսի քայլ ակնկալել, որովհետև թե՛ Ադրբեջանի ներքին քաղաքական պարամետրերից ելնելով, և թե՛ արտաքին միջավայրի հետ կապված, երբ որոշակի լուրջ ճնշումներ Բաքվի վրա չկան, որպեսզի նրանք ինչ-որ զիջումների գնան, դժվար է ակնկալել նման փոփոխություն»:

XS
SM
MD
LG