Մատչելիության հղումներ

Գյումրիում տնակներն են հաշվառում, անօթևանի կարգավիճակից զրկվածները բնակարանի հույսեր ունեն


Տնակ Գյումրիում, հուլիս, 2018 թ․
Տնակ Գյումրիում, հուլիս, 2018 թ․

Կառավարության որոշմամբ Գյումրիում տնակների հաշվառում է իրականացվում: Ճշտվում է, թե փաստացի քանի տնակ կա, քանիսն են բնակեցված, զուգահեռ ճշտվում է նաև դրանց կարգավիճակը: Հաշվառման համար տնակում բնակվողն ընտանիքի անդամների անձնագրերն է ներկայացնում, նաև տնակի լուսանկարները:

Հավաքված տվյալներն ուղարկվում են մարզպետարան, այնտեղից՝ կառավրություն: Հաշվառումն իրականացնող՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակտնտեսության ու համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի խոսքով՝ այս պահին իրականացված հաշվառման տվյալներով Գյումրիում մոտ 3000 տնակ կա: «Մոտ 2500 տնակներում բնակվողներ կան, կան նաև տնակներ, որոնց բնակիչները բացակա են, մոտ 400-ից 500 տնակներ անբնակ են»,- ասաց Սամսոնյանը:

Հաշվառման ընթացքում նաև ճշտվում են ընտանիքի՝ տնակում բնակվելու հանգամանքները: Պարզվում է՝ բավականին մեծ թիվ է կազմում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, բայց տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակ չստացած կամ այդ կարգավիճակից զրկված ընտանիքների թիվը: «Հազարին մոտ թիվ է, տարբեր պատճառներով: Կան նաև ընտանքիներ, որոնք գալիս ասում են՝ մենք ուշացրել ենք, էստեղ չենք եղել»,- պարզաբանեց բնակտնտեսության ու համատիրությունների համակարգման բաժնի պետը:

Գրիգորյան ամուսինները միայնակ են, ժառանգներ չունեն: Երկրաշարժի հեևանքով կորցրել են իրենց բնակարանը: Սկզբում հաշվառված եղել են հերթացուցակում, հետո քաղաքից բացակայելու պատճռով չեն հասցրել մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը [կառավարության սահմանած վերջնաժամկետը] ներկայանալ՝ նոր հաշվառման համար ու հիմա փաստացի զրկված են անօթևանի կարգավիճակից: Կորցրել են ոչ միայն կարգավիճակը, այլև տնակը, որում երկրաշարժից հետո ապրել են: Հիմա իրենց բարեկամի ավտոտնակում մի քիչ հարմարություններ են ստեղծել ու մի կերպ ապրում են․ «Պատկերացրեք մեզ էստեղ ձմռանը»:

Ամուսինները խնամքով պահում են քաղաքաշինության նախարարություն ուղարկած նամակներն ու դրանց պատասխանները: Նրանց կրկին անօթևանի հերթացուցակում վերականգնելու խնդրանքը նախարարությունն արդեն երկու անգամ մերժել է: «Պատասխանել են, որ ոչնչով օգնել չենք կարող, քանի որ 2008 թվականին քաղաքից բացակայել ենք, դիմում չենք ներկայացրել»:

Հիմա տիկին Ծովինարը հույսը դրել է նոր կառավարության վրա, ակնկալում է, որ գուցե հաշվառման ավարտից հետո նաև բնակարարով ապահովելու հարցը լուծվի:

Գյումրիում կան նաև բազմանդամ ընտանիքներ, որոնց մի մասը տեղափոխվել է բնակարաններ, շատերն էլ անհույս մնացել են տնակներում: Նրանցից է Վելգեն Ստամբոլցյանի 11 անձից բաղկացած ընտանիքը: 3 սենյականոց բակարանը 9 անձով են ստացել, հիմա 11 են դարձել: Բնակարանում չեն տեղավորվել ու ընտանիքը կիսել են: Արդեն 30 տարի ապրում են ինքնաշեն տնակում, զուրկ՝ տարրական կոմունալ հարմարություններից:

Նրանց տնակի բոլոր սենյակներում մահճակալներ են դրված: 78-ամյա Վելգենը ևս հույս ունի, որ այս հաշվառումից հետո գուցե և տնակներում ապրող բազմանդամ ընտանիքների պայմանները բարելավվեն: «Ուրախ կեղնեմ, մեծ հույսեր ունեմ»,- ասում է նա:

Վերջերս սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը արտերկրում կազմակերպված մի դրամահավաքի ժամանակ ասել էր, որ «դոմիկներն» այլևս Հայաստանում անելիք չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG