Մատչելիության հղումներ

Երրորդ նախագահի գրասենյակը հերքում է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է իրեն տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը


ԱԱԾ ընդունելությունների տունը Երևանում

Մոտ երեք ամիս է, ինչ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը չի լուծվում: Կամ կառավարության առաջարակած տարբերակն է Սարգսյանի համար անընդունելի, կամ հակառակը: Մասնավորապես, ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Սերժ Սարգսյանն առաջարկել է իրեն բնակության համար հատկացնել Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տունը, որը քառահարկ հսկայական առանձնատուն է: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը մերժել է:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ԱԱԾ ընդունելությունների տունը կառավարությունն օգտագործում է իր կարիքների համար: «Առաջարկը մերժվել է հիմնականում այն պատճառով, որ ԱԱԾ-ի ընդունելությունների տունը օգտագործվում է պետության կարիքների համար: Այնտեղ շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում և ընդունելություններ: Այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում այդ գույքը տրամադրել երրորդ նախագահին»,- ասաց Աղաջանյանը:

Մինչդեռ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց պնդումը, թե պաշտոնաթող նախագահն առաջարկել է իրեն տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը: Ավելին՝ ասաց, թե Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում նման հարց ընդհանրապես չի քննարկվել: «Առաջին իսկ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք ԱԱԾ ընդունելությունների տան մասին, և վարչապետի աշխատակազմի ղեկավարն ինձ փոխանցել է, որ այդ տարբերակին վարչապետը դեմ է: Ես ինքս նման հարց չեմ բարձրացրել, և առաջին իսկ հանդիպումից ի վեր այդ հարցը մեր միջև չի քննարկվել: Մենք ընդհանրապես պահանջողի կամ հայցողի դիրքերից այստեղ հանդես չենք գալիս»,- ասաց Նաիրի Պետրոսյանը:

Նա ասում է, թե կարող է ենթադրել՝ որտեղից է ծագել այդ տարբերակի մասին խոսակցությունը․ ապրիլի 17-ին, երբ ԱԺ-ում տեղի էր ունենում վարչապետի ընտրությունը, ընդդիմադիր պատգամավորներից մեկն իր խոսքում հիշատակեց ԱԱԾ ընդունելությունների տունը, ընդգծելով, որ այն, որպես հնարավոր տարբերակ, կարող է հատկացվել պաշտոնաթող նախագահին: «Եվ դրանից հետո, դեռ մինչև իմ հանդիպումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, անպաշտոն միջավայրում ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը հետաքրքրվել էր՝ քանի որ այդպիսի տարբերակ հնչեցվել է, հնարավո՞ր է արդյոք այդ տարբերակը: Դրանից ավելին, առավել ևս՝ խոսելը պահանջների և որևէ բանի մասին պարզապես գեղեցիկ չէ»,- ասաց Պետրոսյանը:

Թե ինչու է Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը ձգձգվում, վարչապետի աշխատակազմի ղեկավարն այդ առնչությամբ հետևյալ պարզաբանումը տվեց՝ խնդիրն այն է, որ պետական հաշվեկշռում չկա այնպիսի գույք, որը համարժեք է նախորդ երկու նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հատկացված առանձնատներին: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, որոշում կայացվեց, որ պետությունը պարզապես գնի որևէ առանձնատուն և տրամադրի Սերժ Սարգսյանին։ Այդպիսի մի եռահարկ առանձանտուն, որն, ի դեպ, գտնվում է նույն ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ, կառավարությունն առաջարկել է Սարգսյանին, սակայն առաջարկը մերժվել է:

«Մեր վերջին առաջարկությունը մի գույքի մասին էր, որը գտնվում է ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ, պատկանում է անհատի: Այն առանձնատուն է, իր հողատարածքով, և մեր կարծիքով դա համադրելի էր նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի հետ: Մեր առաջարկից մի քանի օր անց մենք ստացանք բացասական պատասխան: Հիմնավորումն այն էր, որ նախագահի անվտանգությունն այդ պայմաններում գրեթե անհնար է ապահովել: Դրանից հետո խնդրել եմ, որ մեզ տրամադրեն անվտանգության հստակ չափանիշներ, որպեսզի նման խնդիր չլինի»,- պատմեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կառավարության առաջարկած տվյալ առանձնատան տարբերակը մերժել են անվտանգության նկատառումներով։ «Այո, նման առաջարկ եղել է, այդ առաջարկի հետ ծանոթացել են անվտանգության սպաները, ովքեր ապահովում են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը և նրանց պատասխանն էր՝ այնտեղ դժվար կլինի, եթե չասենք հնարավոր չի լինի ապահովել պաշտոնաթող նախագահի անվտանգությունը»,- ասաց Պետրոսյանը:

Այժմ և՛ կառավարությունը, և՛ Սերժ Սարգսյանի գրասենյակը երրորդ նախագահի համար առանձնատուն են փնտրում: Մինչ այդ Սարգսյանները, ըստ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի, կշարունակեն ապրել Կոնդի կառավարական առանձնատանը, որտեղ և բնակվել են Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում։ «Որևէ արտառոց բան չկա, և երրորդ նախագահին որևէ մեկը չի պատրաստվում վտարել Կոնդի առանձնատնից: Նա կմնա այդ առանձնատանը, մինչև այլընտրանքային տարբերակ գտնենք»,- ասաց Աղաջանյանը:

Հիշեցնենք՝ հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել Սերժ Սարգսյանին։ Խորհրդարանի կողմից ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, թե հրաժարվում է իրեն տրամադրված կառավարական առանձնատան սեփականության իրավունքից, ասելով, թե դրա ժամանակը չէ։ Արդեն հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնում ընտրված Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կհարգեն Սերժ Սարգսյանի՝ առանձնատնից հրաժարվելու դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG