Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի միլիարդատերը պատմել է Թրամփի հետ իր կապերի և ամերիկյան ընտրությունների մասին


Հայր և որդի Աղալարովները Դոնալդ Թրամփի հետ, Մոսկվա, 2013 թվական

Ռուսաստանի ամենահայտնի և ամենահարուստ գործարարներից մեկի՝ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, ով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է, հարցազրույց է տվել կանադական Vice news հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին միջամտելու հետ կապված՝ իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Տարօրինակ է հնչում, բայց ինձ՝ ադրբեջանցի մի երիտասարդի, ով ապրում է Մոսկվայում, մեղադրում են Միացյալ Նահագներում անցկացված նախագահական ընտրությունների վրա ազդելու մեջ։ Եվ միայն այն բանի համար, եր ես անձամբ ճանաչում են Դոնալդ Թրամփին: Սա տարօրինակ և ծիծաղելի մեղադրանք է»,- կանադական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Աղալարով կրտսերը:

Նույն հարցազրույցում Աղալարովը պատմել է, որ զրուցել է Թրամփ կրտսերի հետ և օգնել է կազմակերպել նրա հանդիպումը ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Ըստ Աղալարովի, այդ մասին նրան խնդրել է հայրը՝ Արազ Աղալարովը: Էմին Աղալարովը, սակայն, հավելում է՝ Թրամփ կրտսերի և ռուսաստանցի փաստաբանի հանդիպումն անարդյունք է եղել:

Ալիևի նախկին փեսան ասում է նաև, որ Դոնալդ Թրամփի հետ իր հայրը ծանոթացել է 2013-ին, երբ Թրամփը Մոկսվայում անցկացնում էր «Միս Տիեզերք» մրցույթը: Թրամփն առաջարկել է այդ մրցույթին հրավիրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս զբաղված է եղել:

Աղալարովի անունը շոշափվում է 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին ռուսական միջամության մասին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացրած հայցում: Ավելի վաղ Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը չէր կարողացել հիշել, թե ինչի մասին է խոսել Էմին Աղալարովի հետ հեռախոսով:

Հիշեցնենք՝ անցած տարի Դոնալդ Թրամփ կրտսերը հրպարակել էր իր և շոու բիզնեսի ոլորտում հայտնի Ռոբ Գոլդսթոունի նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ 2016-ի ամռանը Գոլդսթոունը դիմել է Թրամփ կրտսերին և տեղեկացրել, որ մոսկվացի միլիարդատեր՝ Crocus Group ընկերության հիմնադիր Արազ Աղալարովը Թրամփի նախընտրական շտաբին կարող է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող փաստեր տրամադրել:

Գոլդսթոունի պնդմամբ՝ Իլհամ Ալիևի նախկին խնամին Քլինթոնին վարկաբեկող այդ փաստերը ստացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպման արդյունքում: Նամակագրությունից նաև պարզ է դառնում, որ Թրամփի որդին ոչ միայն չի մերժել ռուսական կողմի առաջարկը, այլև պատրաստակամություն է հայտնել անձամբ զանգահարել Էմին Աղալարովին: 2016 թվականի հունիսի 7-ին ուղարկված նամակում էլ Դոնալդ Թրամփ կրտսերն արդեն պայմանավորվում է Ռուսաստանի կառավարության շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ՝ հանդիպում կազմակերպելու շուրջ:

Ի դեպ՝ Էմին Աղալարովի տեսահոլովակներից մեկում նկարահանվել է անձամբ Դոնալդ Թրամփը, երբ դեռ ԱՄՆ նախագահ չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG