Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ:
Ըստ հաղորդագրության, մասնավորապես Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և Քրեական օրենսգրքի 38-311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետը «Հայփոստ» ընկերության փոստային մասնաճյուղերի օպերատորների օժանդակությամբ Ազնվաձոր և Բազում համայնքներում բնակվող նպաստառուներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:
«Քրեական գործի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել ոչ միայն ապօրինի վարձատրություն ստացողը, նրան օժանդակողները, այլև մեկ տասնյակից ավելի ապօրինի վարձատրություն տված անձինք, ինչը վկայում է, որ առերևույթ կատարված հանցագործության մասին իրազեկ անձանց շրջանակը բավականին ընդգրկուն է: Այս հանգամանքը հիմք է տվել կարծելու, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նմանատիպ կոռուպցիոն դրսևորումների հավանականությունը ևս մեծ է», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշում է, որ ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս մայիսի 14-ին գրություն է հասցեագրվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին՝ մարզի վարչական տարածքում գտնվող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարությամբ:
«Իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ստեփանավանի ՍԾՏԳ թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018-ի հունիս ամիսն, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները, նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով՝ «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են խոշոր չափերով ընդհանուր 15 միլիոն 248 հազար 500 դրամ», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ հունիսի 29-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերի (Խոշոր չափերով խարդախություն, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գլխավոր դատախազությունը նշում է, որ նախաքննության ընթացքում ենթադրաբար չարաշահումներ թույլ տրված աշխատակիցներն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: