Մատչելիության հղումներ

Կասեցվել են ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները


Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հրամանով ժամանակավորապես կասեցվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները Վարդավառի տոնին Կոտայք գյուղում 13-ամյա աղջկա և նրա հոր նկատմամբ, հարազատների պնդմամբ, բռնություն գործադրելու գործով ծառայողական քննություն իրականացնելու համար։

Օսիպյանը հավելեց, որ քրեական գործ հարուցված չէ, գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար․ - «Մենք գործին տիրապետում ենք, համապատասխան ընթացք է տրվել: Քանի որ նա մեր աշխատակիցն ա, հրամանով նրա պարտականությունները ժամանակավորապես կասեցվել է, և նյութերը ուղարկվել է Հատուկ քննչական [ծառայություն]»:

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանն ու նրա որդին՝ Սերգեյ Գասպարյանը կիրակի օրը Կոտայք համայնքում բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Անչափահաս Սոնայի հարազատները երեկ Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը։ Նա «Ազատության» հետ զրույցում պատմել է, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետևից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը: Վերջինս արգելակելով մեքենան, մոտեցել է աղջկան, բռնել է մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։ Միջադեպն այսքանով չի ավարտվել։ Աղջկա հայրը՝ Ավետիք Սարգսյանը հրավիրվել է գյուղում գտնվող Գասպարյանների առանձնատուն, որտեղ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը փակել է դարպասը, իրեն ստիպել ծնկի գալ՝ ասելով, թե հաճույք է ստանում դրանից, իսկ որդին՝ Սերգեյ Գասպարյանը սկսել է հարվածներ հասցնել դեմքին։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կարեն Գասպարյանը հերքեց տեղի ունեցածը՝ խորհուրդ տալով դիտել համացանցում տարածված տեսանյութը։ Այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով դիմել իր փաստաբանին։

Գասպարյանների փաստաբան Արմեն Ֆերոյանը ևս հերքեց տեղի ունեցածը։ Ասաց, որ Սերգեյ Գասպարյանը պարզապես հայհոյելու համար մեկ անգամ ապտակել է 13-ամյա աղջկա հորը՝ Ավետիք Սարգսյանին․ - «Կարեն Գասպարյանի որդին մեկ անգամ հարվածել ա ներկայիս տուժողին՝ Ավետիք Սարգսյանին էն բանի համար, որ ինքը հայհոյել ա իրա հորը, ու հայհոյել ա իրա մոր ու քրոջ ներկայությամբ: Եթե խոսենք բռնությունից, եղել ա ընդամենը էդ մի ապտակը: Ես չեմ կարծում, որ մի ապտակից մարդը կարար ուղեղի ցնցում ստանար»:

Նշենք, որ Ավետիք Սարգսյանը ուղեղի ցնցում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։ Հարցին, թե ինչպես նա կարող էր ընդամենը մեկ հարվածից ուղեղի ցնցում ստանալ, փաստաբանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող էդ ասել, քննությունը կքննի, կբացահայտի, կպարզաբանի: Ես ձեզ հիմա ասում եմ մենակ վիդեոզապիսների նկարահանումները, որը ես ինքս եմ դիտել»:

Ֆերոյանն ասաց, որ առանձնատանը տեղի ունեցածը ձայնագրված է ու այն իրենք պատրաստվում են տրամադրել իրավապահներին։

Նա նաև ասաց, որ իր տեղեկություններով Ավետիք Սարգսյանը Գասպարյանների առանձնատուն էր գնացել ներողություն խնդրելու, և որ դրանից հետո նրանք նույնիսկ ողջագուրվել են․ - «Ինչքան որ ես գիտեմ, էկել էր ներողություն խնդրելու: Բայց թե ում նախաձեռնությամբ ա դա տեղի ունեցել, ես հստակ չեմ կարող ասել․․․ Ուզում էր ներողություն խնդրեր, որովհետև հայհոյել էր Կարեն Գասպարյանին»:

Փոխանցելով Կարեն Գասպարյանի խոսքերը՝ փաստաբանն պնդեց, թե այս ամենը ուղղորդվել է Ավետիք Սարգսյանի հարազատներից մեկի կողմից, ով ոստիկանության փոխգնդապետ է․ - «Ում հետ նախկինում ունեցել են շատ լավ հարաբերություններ, բայց հիմա ինչ-որ տարաձայնություններ կա իրանց մեջ: Ես խնդրել եմ, որպեսզի քննչական մարմինները էդ ուղղությամբ ևս քննություն իրականացնեն և հրապարակայնորեն տեղեկացնեն դրա վերաբերյալ: Քանի որ տնից դուրս գալուս իրանք փաթաթվել էին, գրկախառնվել էին, շատ ջերմ հրաժեշտ են տվել միմյանց»:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ - «Այսօր այն իրավիճակը չի, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Ով ուզում է լինի Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում ես՝ լինելով ոստիկանապետ, եթե որևէ մի հարցում այնպես չեմ արել․․․»

Նա նաև ասաց, թե չի կարծում, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի միջամտի այս գործին:

Գլխավոր դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ ոստիկանության ուղարկած նյութերը արդեն հասել են դատախազություն և ուղարկվել են Հատուն քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG