Մատչելիության հղումներ

Արմատական կադրային փոփոխություններ Թուրքիայի կառավարության կազմում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինեն նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ, Անկարա, 9-ը հուլիսի, 2018թ․

Թուրքիայի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հաշվված ժամեր անց Ռեջեփ Էրդողանը հայտարարեց կառավարության կազմում կատարված արմատական փոփոխությունների մասին:

Երկուշաբթի երեկոյան նախագահական պալատի սրահներից մեկում Էրդողանը ներկայացրեց կառավարության նոր կազմը` հերթով բոլոր նորանշանակ նախարարներին բեմ հրավիրելով:

Կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ թարմացվել է. 16 նախարարներից վերանշանակվել են միայն երեքը` արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը:

Ամենաաղմկալի պաշտոնանկություններից հարկավոր է հիշատակել կառավարության տնտեսական բլոկի թերևս ամենաազատական հայացքներ ունեցող պաշտոնյայի` ֆինանսների նախարար, ազգությամբ քուրդ Մեհմեթ Շիմշեկի հեռացումը զբաղեցրած պաշտոնից:

«Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Բերաթ Ալբայրաքը», - հայտարարեց Էրդողանը:

Նշենք, որ Ալբայրաքը Էրդողանի դստեր` Էսրայի ամուսինն է և վերջին երեք տարիներին զբաղեցնում էր Թուրքիայի էներգետիկայի նախարարի պաշտոնը: Ալբայրաքի` ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակման մասին լուրի հրապարակումից հաշվված րոպեներ անց ազգային տարադրամի` թուրքական լիրայի փոխարժեքը անկում ապրեց մոտ 3 տոկոսով: Որոշ թուրք մեկնաբանների համոզմամբ, ազգային տարադրամի նման անկումը պատահական չէր` նորանշանակ ֆինանսների նախարարը հայտնի է մի շարք աղմկալի կոռուպցիոն սկանդալներում իր ներգրավվածությամբ:

Ռեջեփ Էրդողանի մյուս առանցքային որոշումը փոխնախագահի նշանակումն էր: Նշենք, որ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փոխնախագահի պաշտոն գոյություն չուներ: Իր տեղակալի պարտականությունները Էրդողանը վստահեց լայն հանրությանը գրեթե անհայտ Ֆուաթ Օքթային, որը վերջին տարիներին զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Hurriyet-ի տեղեկություններով՝ Օքթայը բավական լուրջ ստվերային ազդեցություն ունի և համարվում է խորհրդարանականից նախագահական կառավարման անցման գլխավոր ճարտապետներից մեկը:

«Ես վստահ եմ, որ նախարարների կաբինետի նոր կառուցվածքը շատ ավելի արդյունավետ կլինի և շատ ավելի արագ գործողությունների դիմելու հնարավորություն կստեղծի», - հայտարարում էր Էրդողանը կառավարության անդամներին ներկայացնելու ընթացքում:

Թուրքիայի նախագահը կադրային և կառուցվածքային փոփոխությունների ընթացքում երեկ չշրջանցեց նաև երկրի ամենաազդեցիկ կառույցներից մեկը` զինված ուժերը:

«Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվում է Հուլուսի Աքարը», - հայտարարեց Էրդողանը:

Հուլուսի Աքարը 2015 թվականից զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Աքարը հրաժարվեց անցնել ապստամբած զինվորականների կողմը, ինչն էլ, շատերի կարծիքով, հեղաշրջման անհաջողությունը կանխորոշած առանցքային գործոններից մեկը դարձավ:

Պաշտպանության նախարարություն տեղափոխվող Աքարին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում կփոխարինի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Յաշար Գյուլերը: Զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետը 64 տարեկան է, նա ծնվել է Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Արդահանում:

2016-ի հուլիսին Յաշար Գյուլերը ևս որոշեց հավատարիմ մնալ Էրդողանի կառավարությանը, ինչի պատճառով հեղաշրջմանը մասնակցող զինվորականները նրան ձերբակալել և բռնի ուժ կիրառելով տեղափոխել էին գործողության փաստացի կենտրոնակայանի վերածված «Աքինջի» ավիաբազա:

Ուղիղ մեկ տարի առաջ` 2017-ի հուլիսին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Գյուլերը խոստովանել էր, որ հուլիսյան հեղաշրջման փորձը ցնցել էր իրեն:

«Մարդիկ իրենց կյանքից տասնյակ տարիներ էին նվիրել գեներալի կոչմանը հասնելու համար: Սակայն ընդամենը մեկ հրահանգով նրանք վերածվեցին ռոբոտների՝ հանկարծ մի օր կեսգիշերին հեղաշրջման կազմակերպիչների վերածվելով», - նշել էր Յաշար Գյուլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG