Մատչելիության հղումներ

ԳՀԽ անդամները անընդունելի և դատապարտելի են համարում վերջին շաբաթների «հակականոնական գործողությունները»


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ ժողովին անդրադարձ է կատարվել «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին»։ «Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի նկատեցին հայտնի նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացելոց համար», - ասված է հաղորդագրությունում:

Ժողովի ժամանակ տեղեկացվել է, որ խնդրի առնչությամբ իրենց անհանգստության և դատապարտության խոսքն են հնչեցրել բազում հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, եպիսկոպոսաց դասը և բազմաթիվ եկեղեցականներ։ Պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսին հուլիսի 6 թվակիր խնդրագրով դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Իսկ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում է կայացվել առաջարկելու Վեհափառին՝ կարգալույծ հռչակել Կորյուն աբեղա Առաքելյանին։

«Այսուհանդերձ, ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվեց անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան վանքերից մեկում», - հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները անցած շաբաթավերջին անժամկետ նստացույց էին սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր Աթոռի քարտուղարությունը:

Այսօր առավոտյան «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը տեղեկացրեց, որ ոստիկանությունը ուժ կիրառելով Մայր Աթոռի տարածքից հեռացրել է նախաձեռնության անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG