Հելսինկիում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպումից մի քանի օր առաջ Մոսկվա այցելած ամերիկացի սենատոր Ջոն Քենեդին Ռուսաստանի իշխանություններին համեմատել է մաֆիայի հետ, կոչ անելով չվստահել Պուտինին, իսկ Լավրովին նա կռվարար է անվանել:
Քենեդին Մոսկվա էր այցելել ԱՄՆ սենատորների պատվիրակության կազմում, որը Ռուսաստանում էր հունիսի 30-ից մինչև հուլիսի 4-ը: Հուլիսի 9-ին Քենեդին Վաշինգտոնում ներկայացրել է պատվիրակության վարած բանակցությունների արդյունքները: Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների հետ գործ ունենալը նույն է, թե գործ ունենալ մաֆիայի հետ: «Մաֆիայի փիլիսոփայությունը փողն ու իշխանությունն է, այդպիսին է նաև Պուտինի փիլիսոփայութունը: Նա բռնապետ է»,- ասել է սենատորն ու շարունակել․
«ՌԴ արտգործնախարարի, ռուսաստանցի սենատորների, Պետդումայի խոսնակի հետ հանդիպումներում իմ ուղերձն էր՝ դադարեցնել միջամտությունն ամերիկյան ընտրություններին: Նաև ասել եմ՝ դուրս եկեք Ուկրաինայի արևելքից, թույլ տվեք, որ նրանք իքնուրույն որոշեն իրենց ապագան: Ասել եմ՝ դուրս եկեք Ղրիմից, օգնեք մեզ Սիրիայում կարգավորել իրավիճակը, թույլ մի տվեք, որ Իրանը հարվածներ հասցնի Սիրիայում»:
Ամենաբարդը, սենատորի խոսքով, բանակցություններն էին Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ով, Քենեդիի բնութագրմամբ՝ էմոցիոնալ և կռվարար մարդ է: Քեննեդին նաև ասել է, թե Ռուսաստանում չկա խոսքի ազատություն, իսկ տարբերությունը հարուստների և աղքատների միջև հսկայական է: Ամերիկացի սենատորը նաև ընդգծել է՝ ռուսները, ինչպես նախկինում, իրենց ուղղված բոլոր մեղադրանքները մերժում են: Սենատորի հիմնական եզրահանգումը հետևյալն է․ «Ռուսաստանն ուզում է այն, ինչ ուզում է Պուտինը, իսկ Պուտինը մի բան է ուզում՝ կարգավիճակ: Սա նույն է, թե գործ ունենաս մաֆիայի հետ»:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի նկատմամբ «ատելության դրսևորում» է համարել ամեիկացի սենատորի այս հայտարարությունը: «Մենք իհարկե վարդագույն ակնոց չենք կրում և գիտենք, որ ամերիկյան քաղաքական էլիտան կարծրատիպերի և Ռուսաստանի հանդեպ ատելության ճնշման տակ է: Դժվար է հասկանալ այդ խոսքերը»,- ասել է Պոսկովը, հավելելով, թե չգիտի՝ ինչ համտեքստում է սենատորը մաֆիայի հետ համեմատություն արել:
Հիշեցնենք՝ ԱՄՆ սենատորների պատվիրակությունը պատրաստակամություն էր հայտնել հանդիպում ունենալ նաև Ռուսաստանի նախագահի հետ, սակայն վերջինիս խոսնակն ասել էր թե «Պուտինը խիստ զբաղված է»: