Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Հելսինկիում հուլիսի 16-ին կայանալիք հանդիպմանը նախորդող և հաջորդող օրերին Ֆինլանդիան մտադիր է միառժամանակ վերականգնել սահմանների հսկողությունը Շենգենի գոտու երկրների հետ: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմմո Էլոմաան:
Նրա փոխանցմամբ, այդ ժամանակավոր որոշման նպատակը երկու նախագահների անվտանգությունը երաշխավորելն ու հնարավոր օրինազանցությունները կանխելն է:
Ենթադրվում է, որ սահմանների հսկողությունը վերականգնելու որոշումը կգործի հուլիսի 13-17-ը:
Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին է ժամանելու Հելսինկի, իսկ Վլադիմիր Պուտինը՝ հուլիսի 16-ին:
Բնապահպանության, խաղաղության, մարդու իրավունքների և դեմոկրատիայի պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հայտնել են, որ հուլիսի 15-ին բողոքի միջոցառումներ են կազմակերպելու Հելսինկիում:
Շենգենի գոտում ընդգրկված եվրոպական 26 պետությունների քաղաքացիները կարող են այդ տարածքում տեղաշարժվել առանց անձը վավերացնող փաստաթղթերի:
ԵԱՀԿ-ի 2008 թվականի գագաթնաժողովի օրերին Ֆինլանդիան ժամանակավոր վերականգնել էր սահմանների հսկողությունը: