Մատչելիության հղումներ

Էրդողանը մեկնում է Ադրբեջան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր այցելում է Ադրբեջան: Սա կլինի Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունը նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց ի վեր։

Էրդողանի երդմնակալությունը տեղի է ունեցել երեկ, որին, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չէր, փոխարենն Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Նովրուզ Մամեդովը:

Ավանդույթի համաձայն՝ թուրք ղեկավարներն իրենց առաջին պաշտոնական այցերը կատարում են Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան, իսկ ադրբեջանցի պաշտոնյաները՝ Թուրքիա։

Թուրքիայի կողմից տասնամյակներ առաջ բռնակցված Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, հիշեցնենք, պաշտոնապես ճանաչել է միայն Անկարան, Թուրքիայի ամենամերձավոր դաշնակից Ադրբեջանը հրաժարվում է ՄԱԿ-ի բանաձևերում օկուպացված ներկայացվող տարածքը ճանաչել որպես ինքնուրույն ու անկախ միավոր:

Մինչ այդ Թուրքիայի պաշտոնյաներն Ադրբեջանի մասին խոսելիս մեջբերում են Քեմալ Աթաթուրքի խոսքերը՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, Ադրբեջանի դժբախտությունը՝ մեր դժբախտությունը», իսկ ադրբեջանցիները պատասխանում են նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերով՝ «Ադրբեջան և Թուրքիա՝ մեկ ազգ, երկու պետություն»:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ օրակարգով է էրդողանը Բաքու ժամանում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ թուրք և ադրբեջանցի առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, կքննարկեն համատեղ էներգետիկ ծրագրերը, տնտեսական և ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Հաղորդվում է, որ վաղը Էրդողանն Ադրբեջանի մայրաքաղաքից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Վերջին շրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի և Անկարայի միջև հարաբերությունները լարվել են՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400 (S-400) հրթիռային պաշտպանության համակարգերի գնման պատճառով:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրապարակավ քննադատել էին Անկարային՝ Կրեմլի հետ կնքված այդ գործարքի համար։ Էրդողանի վարչակազմը, սակայն, պնդում է, թե մտադիր չէ հրաժարվել այդ ծրագրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG