Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Եզրափակիչ անցնելու համար պայքարելու են Բելգիայի և Ֆրանսիայի հավաքականները:
Երկու թիմերից մեկը՝ պարտվողը, կմնա Սանկտ Պետերբուրգում, որտեղ հուլիսի 14-ին բրոնզե մեդալների համար կպայքարի վաղը կայանալիք Անգլիա-Խորվաթիա հանդիպման պարտված թիմի հետ, դե իսկ հաղթողը կմեկնի Մոսկվա, որտեղ հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում անգլիացիների կամ խորվաթների հետ պայքարում կփորձի վաստակել Ոսկե գավաթը և 4 տարի կրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ֆրանսիայի հավաքականի դոսյեն շատ տպավորիչ է՝ 1958 և 1986 թվականների աշխարհի առաջնություններում ֆրանսիացիները բրոնզե մեդալներ են ստացել, 1982-ին 4-րդ տեղն են գրավել, 1998 թվականին աշխարհի չեմպիոն են դարձել, 2006 թվականին դուրս են եկել եզրափակիչ: 1984 և 2000 թվականներին Եվրոպայի չեմպիոն են դարձել: 1996-ին բրոնզե մեդալներ են ստացել, 2016-ին՝ արծաթե մեդալներ:
Օլիմպիադաներում ֆրանսիացի ֆուտբոլիստները 1900-ին արծաթ են վաստակել, 1984-ին՝ ոսկե մեդալներ:
Բելգիացիների միջազգային նվաճումների ցանկը շատ ավելի համեստ է: Հավաքականը 1986 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է 4-րդ տեղը, Եվրոպայի մրցաշարում 1980-ին երկրորդ տեղն է գրավել, իսկ 1972-ին՝ երրորդ:
Հեռավոր 1920 թվականին Բելգիայի հավաքականը Օլիմպիադայում դարձել է չեմպիոն, իսկ 1900-ին՝ բրոնզե մեդալակիր:
Բայց այսօր Բելգիայի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 3-րդն է, իսկ Ֆրանսիան՝ 7-րդը:
Հետաքրքիր է երկու ընտրանիների հանդիպումների վիճակագրությունը: Ֆրանսիացիներն ու բելգիացիները միմյանց դեմ խաղացել են 77 անգամ: Ֆրանսիան 26 հաղթանակ է տարել, Բելգիան՝ 31, 20 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Բելգիայի նկատմամբ Ֆրանսիայի ամենախոշոր հաղթանակը՝ 5-0, Ֆրանսիայի նկատմամբ Բելգիայի ամենախոշոր հաղթանակը՝ 7-0: Ֆրանսիացիները բելգիացիներին 135 գոլ են խփել, բելգիացիները ֆրանսիացիներին՝ 166:
Ֆրանսիացի աստղերը հանդես են գալիս անգլիական, գերմանական, իսպանական, իտալական և, իհարկե, ֆրանսիական առաջին լիգաներում:
Մինչդեռ, Բելգիայի հավաքականում, փաստորեն, չկան բելգիական առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստներ, բոլորը խաղում են անգլիական, իսպանական, գերմանական, ֆրանսիական, իտալական, ինչպես նաև չինական լավագույն ակումբներում:
Միմյանց դեմ հանդիպումներում բելգիացիները վաստակել են 113 միավոր, իսկ ֆրանսիացիները՝ 98, բայց կասկած չկա, որ հենց հուլիսի 10-ի հանդիպումն է լինելու այդ ընտրանիների համար ամենակարևորն ու վճռականը: