Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապահները ահաբեկչություն են որակել Գյանջայի քաղաքապետի սպանությունը


Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակումից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի իրավապահները պնդում են, թե տեղի ունեցածը ահաբեկչություն է:

Եթե հուլիսի 3-ին Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը զինված հարձակումը ներկայացնում էին որպես սովորական քրեական հանցագործություն, ապա այսօր արդեն հայտարարում են, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի վրա մահափորձը «նախապես պլանավորված ահաբեկչություն» է։

Ըստ Ադրբեջանի իրավապահների, հարձակման հեղինակը՝ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ով նախկինում գրանցված էր որպես Վելիևի թիկնապահ, զինված պատրաստվածություն է անցել Սիրիայի տարածքում և «նպատակ է ունեցել Ադրբեջանում իսլամական պետություն հաստատել»։ Բացի այդ նա կապեր է ունեցել նաև Իրանի հետ։

«Նա մի շարք հայտնի պետական պաշտոնյաների սպանություն է պլանավորել՝ նպատակ ունենալով խուճապ և քաոս ստեղծել և ի վերջո զավթել իշխանությունը», ֊ ասվում է Ադրբեջանի ուժային կառույցների հայտարարությունում։

Չնայած այս ծանր մեղադրանքներին՝ ադրբեջանական սոցցանցերում Յունիս Սաֆարովին ավելի շատ համակրում են, քան դատապարտում։ Ադրբեջանցի օգտատերերը հիշեցնում են Գյանջայի քաղաքապետի անվան հետ կապվող աղմկահարույց պատմությունները՝ կոռուպցիա, հովանավորչություն, կամայականություններ:

Վալիևի վրա զինված հարձակումը ահաբեկչություն որակելը հերքում է նաև հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովի կինը: Շարաֆաթ Սաֆարովան տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, թե ամուսինն այդ քայլին է գնացել՝ «քանի որ Էլմար Վալիևը ճնշում էր ժողովրդին, իսկ դրա վառ ապացույցը մարդկանց ուրախությունն է տեղի ունեցածի հետ կապված»։

Սաֆարովան նաև հերքել է իրավապահ մարմինների պնդումները, թե ամուսինը Իրանում է սովորել։

Վալիևի հարձակումը ահաբեկչություն ներկայացնելու՝ պաշտոնական Բաքվի փորձերը կասկածի տակ է առնում նաև ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսը։

«Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց մարդկանց մեջ վախ սերմանել, սակայն ստիպել սիրել իշխանությանը՝ հնարավոր չէ, հատկապես, որ Վալիևը վաղուց է մարդկանց մեջ ատելություն առաջացրել իր լկտի պահվածքով», ֊ գրել է Արիֆ Յունուսը՝ հավելելով. ֊ «Շատերի համար այդ կրակոցը հոգու բալասան էր։ Ահա թե ինչու շատերը Յունիս Սաֆարովին անվանեցին ժողովրդական հերոս վրիժառու, ադրբեջանական Ռոբին Հուդ»։

Արիֆ Յունուսի կարծիքով, սակայն, իշխանություններին այդ պատկերը ամենևին դուր չեկավ, այդ իսկ պատճառով պատմությանն այլ տեսք տվեցին։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պարագայում ունեն հրաշալի տարբերակներ՝ «իսլամական ահաբեկիչներ» կամ «հայազգի լրտեսներ»։

«Ուժային կառույցները Յունիս Սաֆարովին նախ շիա մահմեդական անվանեցին, ապա պնդեցին, թե «Իսլամական պետության» շարքերում է կռվել, այսինքն՝ նա նաև սուննի ծայրահեղական է։ Ընդ որում՝ մայրը հայ է, այն էլ՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից», ֊ գրում է Արիֆ Յունուսը՝ շարունակելով. ֊
«Այդ պատկերը կարելի է նաև մատուցել Արևմուտքին, որտեղ վախենում են հավատացյալներից, Ռուսաստանից և Իրանից, բայց ահա՝ Հայաստանը մայիսից հետո պատվավոր տեղ ունի Արևմուտքում, այդ հարցում ադրբեջանական իշխանությունների ջանքերը անիմաստ էին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG