Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի մի շարք համայնքներում սրվել է խմելու ջրի խնդիրը


Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչների մոտ 80 տոկոսն արդեն մի քանի օր խմելու ջուր չունի, մնացած տներում էլ ջրի ճնշումը բավականին ցածր է:

Գյուղացիները վրդովված են՝ գյուղատատեսական աշխատանքի թեժ պահին չգիտեն՝ դաշտ գնան, խոտը քաղեն, թե ջուր կրեն:

Տիկին Քաղցրիկն ասում է, թե արդեն ամաչում է հարևաններից ջուր խնդրել, ստացվում է՝ նրանք են իր փոխարեն վճարելու․ - «Ես պարտավորված ամեն ամիս ջրի փող կմուծեմ, որ ես իմ ջուրը բացելով օգտագործեմ: Ոչ թե էրթամ ուրիշի դռնից․․․ Ուրիշն էլ սշոտչիկ ունի դրած: Մի անգամ, երկու անգամ․․․ մենք նույնիսկ մեզի վատ կզգանք․․․ Ինչքա՞ն կըրնամ ես էդ մարդու դռնից էրթամ ջուր բերեմ: Ինքը ինձնից փող չի վերցնե, Բայց ես էլ ընձի վատ կզգամ, չէ՞: Ուրեմն պըտի մնամ առանց ջուր»:

Կամո Մնացյանը զայրացած է, ասում է՝ պարտաճանաչ բաժանորդ է, ժամանակին վճարում է, բայց ջրամատակարար ընկերության՝ «Վեոլիա ջրի» սպասարկումից խիստ դժգոհ է․ - «Բացարձակ նորմալ չեն աշխատե: Էս էրկու տարի է էսպես քթահան կանեն»:

Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանն ասում է, թե «Վեոլիա ջուրը» գյուղին 24-ժամյա ջրամատակակարում պետք է ապահովեր, սակայն երբեք այդպես չի եղել: Իսկ վերջին օրերի շոգերին զուգահեռ գյուղում կտրուկ վատացել է ջրամատակարարումը:

Ընկերությունից համայնքապետին պարզաբանում են ներկայացրել, թե ջրի ծախսը շատ է․ - «Լավ, ծախսը շատ է, բայց ձմեռն ու ամառը չի՞ կարելի տարբերել իրարից: Ձմեռը ծախսը քիչ կեղնի, ամառը շատ կեղնի, էդ կնշանակի ամառը չօգտվենք, օգտվենք ձմե՞ռը»:

Արտաշես Սահակյանն ասում է՝ եթե ընկերությունը ծառայություն է մատուցում ջուր վաճառելով, ապա անտրամաբանական է համարում «Վեոլիա ջրի» պատճառաբանությունը․ - «Էսօր եթե ծախսը շատ է․․․ եթե ես հունվարի կտայի հազար դրամ, հիմա կտամ հազար ութ հարյուր դրամ կամ էրկու հազար դրամ: Էս ավելի լավ չի՞ ձեր բիզնեսի համար»:

Այս օրերին խմելու ջրի խնդիրը սրվել է Շիրակի մարզի մի քանի համայնքներում ևս: Գյուղացիներն ասում են՝ «Վեոլիա ջուր» ընկերություն իրենց զանգերը անպատասխան են մնում:

XS
SM
MD
LG