ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Փհենյան Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի առանձնահատկությունները ճշգրտելու շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Օրակարգում նաև երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցն է:
Սա Փոմփեոյի երրորդ այցն է Փհենյան` ապրիլից ի վեր, և առաջինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին:
«Մեր առաջնորդները Սինգապուրում տեղի ունեցած գագաթաժողովում պարտավորվել են ամբողջությամբ ապամիջուկայնացնել Հյուսիսային Կորեան և հստակեցրել, թե ինչ տեսք կունենան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև փոփոխված հարաբերությունները», - Փհենյան ժամանելուց առաջ հայտարարել է Փոմփեոն՝ հավելելով, որ գագաթնաժողովից հետո երկկողմ խորհրդակցությունները շարունակվել են:
Փոմփեոն Հյուսիսային Կորեայում բանակցություններ կվարի հուլիսի 6-ին և 7-ին, այնուհետև կմեկնի Ճապոնիա: