Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Մարտի 1-ի ոճրագործությունը տասը հոգու սպանություն չէ միայն


«Դա կոմպլեքս է ընտրակեղծարարության, ժողովրդի կամքի մերժման: Հարյուրներով մարդիկ են վիրավորվել: Հազարներով մարդկանց տարել են ոստիկանական բաժիններ, ծեծել են: Էլ չեմ ասում հարյուրավոր ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, որ տարիներ անցկացրեցին բանտերում, էլ չեմ ասում էդ ճնշումները, անարդար վճիռները: Մենք սրանից պիտի ազատվենք», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Երկու օր առաջ առաջին անգամ պետական մարմինը խոսեց 2008-ի նախագահական ընտրություններում տեղի ունեցած մեծածավալ ընտրախախտումներից։ Տարածած հաղորդագրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի քրեական գործին նոր դրվագ է միացվել․ Պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում, մասնավորապես, նշված էր․ - «Նախագահական ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, հասարակության կարծիքով, խախտել են այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները։ Այս պատճառով էլ ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից և դուրս ելել փողոց՝ բողոքի ակցիաների։ Ընդ որում, այս ընտրախախտումները հանրությունը վերագրել է այդ ժամանակ դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, 2008 թվականին Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր ընտրողների 52,8, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 21,5 տոկոսը:

Տեր-Պետրոսյանը չընդունեց ընտրությունների արդյունքները, դիմեց Սահմանադրական դատարան, որը սակայն անփոփոխ թողեց պաշտոնական արդյուքները: Փետրվարի 20-ից սկսած հանրահավաքները ավարտվեցին մարտի 1-ին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, տասը քաղաքացի զոհվեց: Թե հրաման տվողները, թե սպանությունները կատարողները մինչև օրս անհայտ են:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՀՔԾ հայտարարությունը որակեց՝ արդարադատություն, որին սպասել էին տասը տարի․ - «Մի անգամ շունչս բացվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ որ զգում ես, որ ազատվել ես մեծ մի չարիքից, Մի անգամ էլ՝ ՀՔԾ-ի այդ հայտարարությունից հետո»:

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով, հենց Մարտի 1-ի բացահայտումն է առաջիկա արտահերթ ընտրությունների ազատ արդար անցկացման գլխավոր երաշխիքը․ - «Եթե ՀՔԾ-ն իր հայտարարությունը հասցնի տրամաբանական ավարտի, Ռոբերտ Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով մինչև բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և՛ անմեղ մարդկանց վրա կրակելու, և՛ հետո այդ ոճրագործությունները կոծկելու, և՛ ընտրակեղծարարությամբ զբաղվելու, լուրջ դաս կտան: Սա նշանակում է, որ ապագա Հայաստանում ցանկացած պաշտոնյա, իշխանավոր մտածելու է՝ արդյո՞ք ինքը ցանկանում է կատարել ապօրինի հրաման»:

«Ընտրական վեճերը լուծվում են սահմանադրական դատարանում, որի ակտերը վերջնական են ընդունման պահից», - արձագանքելով ՀՔԾ հայտարարությանը՝ այսօր ասել է ՀՀԿ ղեկավար անդամ Դավիթ Հարությունյանը․ - «Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք չեք գտնի որևէ ժողովրդավարական երկիր, որևէ մի կառույց, լինի դա Ազգային ժողով, լինի դա գործադիր իշխանություն, լինեն դա քննչական մարմիններ, դատախազություն, որոնք վիճարկեն Սահմանադրական դատարանի ընդունած դատական ակտերը: Տվյալ պարագայում այն, ինչ դուք քիչ առաջ ներկայացրեցիք, ծանոթ չեմ այդ հրապարակմանը, եթե այն իսկապես պաշտոնական է, դա նշանակում է վիճարկել Սահմանադրական դատարանի ակտը: Ես կարծում եմ, նման բան որևէ մեկը իրեն թույլ չէր տա»:

Հայ ազգային կոնգրեսը, Լևոն Զուրաբյանի խոսքով, կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում մեկ տոկոսի շեմն էլ չի հաղթահարի:

Զուրաբյանի խոսքով՝ ժողովուրդը չի կարող այնքան արժանապատվություն չունենալ, որ այս թալանի բացահայտումներից հետո ձայն տա Հանրապետականին․ - «Հանրապետական մեկ տոկոս էլ չի հավաքի, որովհետև այն ավազակապետությունը, որի մասին մենք խոսում էին 2008 թվականից սկսած, էսօր բոլոր մանրամասներով, ապացույցներով, պատկերներով, տուշոնկաներով և այլն, և այլն, հիմնադրամի փողերով լոտո խաղալով, էդ ամբողջ երևում է մեր ժողովրդի աչքին»:

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախընտրեց անպատասխան թողնել Լևոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ասելով․ - «Քաղաքական հայտարարություն է, որին չեմ ուզում արձագանքել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG